ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կոչ է արել ընդդիմությանը վայր դնել մանդատները

ՀՀ ԱԺ. Արխիվային լուսանկար
Խիստ մտահոգիչ է համարվել պաշտպանության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի, պահեստազորի առանձին գեներալների և բարձրաստիճան սպաների լռությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կոչ է արել ընդդիմությանը վայր դնել պատգամավորական մանդատները, ՀՀ նախագահին` ձեռնամուխ լինել համազգային խնդիրների լուծմանը, իրավապահ մարմիններին` դադարեցնել վարչախմբի կամակատարը լինելուց և գործել ի շահ հայրենիքի։
Նրանք, անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանական հենակետեր տեղադրելու խնդրին, այսօր հայտարարություն են տարածել` նշելով, որ ՀՀ տարածքում անվերջ զիջումների հաշվին հնարավոր է շատ արագ ու վերջնականապես կորցնել հայրենիքը` վերածվելով ազգային արժանապատվություն չունեցող, պետականությունը կորցրած հանրույթի։
«Փաստորեն ժողովրդին մոլորեցնելով` երկիրը հատված առ հատված նվիրաբերվում է թշնամուն, ապօրինի զիջումների արդյունքում շրջափակման մեջ են հայտնվում ամբողջ բնակավայրեր: Հակառակ իշխանությունների կողմից թշնամու նկատմամբ բարի կամքի դրսևորմանը, օրեցօր ուժեղանում է Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ պահվածքն ու հռետորաբանությունը»,– նշել են ԱԱԾ պահեստազորի սպաները:
Ալեն Սիմոնյանը պնդում է` հայկական զորքը չի նահանջել, բայց 4 դիրքերից դուրս են եկել
Նրանք նաև իրենց մտահոգությունն են հայտնել, որ ՀՀ–ի ապագայի մասին լռում են այնպիսի հանրային դեմքեր, ինչպիսիք են Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը, Արթուր Մեսչյանը և այլք , ովքեր 2018-ին աջակցում էին, փողոցներ փակում` ամեն ինչ անելով այդ նույն փողոցին իշխանության բերելու համար:
Խիստ մտահոգիչ են համարել նաև պաշտպանության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի, պահեստազորի առանձին գեներալների և բարձրաստիճան սպաների, այդ թվում` Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Վաղարշակ Հարությունյանի, Ջալալ Հարությունյանի լռություն պահպանելը:
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն ընդգծել է, որ ՀՀ–ում ծավալվող գործողությունները իրենց մեջ առերևույթ կարող են պարունակել պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներ:
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ–ն էլ հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։00-ից ադրբեջանական կողմն անցակետ կտեղակայի սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով։
Նշենք, որ նոյեմբերի 15-ին էլ ՀՀ անվտանգության խորհուրդն էլ հայտարարել է, որ Գորիս–Կապան և Կապան–Ճակատենի` Ադրբեջանի հսկողության տակ անցած մասը ՀՀ տարածքում չէ։