ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում երեկ` նոյեմբերի 14-ին, անցկացված ավագանու ընտրություններում, ԿԸՀ հրապարակած վերջին արդյունքների համաձայն, ջախջախիչ հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի ղեկավարած քաղաքական ուժը։
20 086 ընտրողներից 13 962–ը քվեները տվել են Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 5 791 մարդ։ 331 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակը գլխավորում էր ԱԺ ՔՊ–ական պատգամավոր, կապանցի Դավիթ Դանիելյանը։
Նոյեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև Ստեփանավան և Իջևան համայնքներում։
Իջևանում ընտրողների մեծ մասը` 12 383-ից 10 003–ը, քվեարկել են «Քաղաքացիական պայմանագրի օգտին, որի ցուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Արթուր Ճաղարյանը։ Ընտրություններին մասնակցող երկրորդ քաղաքական ուժը` ՀՅԴ–ն, ստացել է 1 964 ձայն։
Ստեփանավանում ևս հաղթել է ՔՊ–ն` 4 004 ձայնով, ԲՀԿ–ն ստացել է 705 ձայն, ՀԱԿ–ը` 218։
Ստեփանավանում ՔՊ ցուցակի առաջին համարը գործող քաղաքապետ Արմեն Գրիգորյանն էր։
Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում ընտրել են ավագանու անդամի, Լորմոնտովոյում`նաև համայնքի ղեկավարի։ ԿԸՀ հրապարակած արդյունքներով` Լերնոտովոյում համայնքի ղեկավար է ընտրվել Էդիկ Չախալյանը, ավագանու անդամ` Վասիլիյ Կորոլյովը, Արզնիում`Արտաշես Լալայանը։