ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը հերքել է լուրերն այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մնում է օրգանիզմում ամբողջ կյանքի ընթացքում։ Այս մասին նա ասել է Վլադիմիր Սոլովյովի «Պոլնի կոնտակտ» հաղորդման եթերում։
Ըստ նրա` արմատապես սխալ է այն կարծիքը, համաձայն որի պատվաստվելուց հետո դեղամիջոցը ողջ կյանքի ընթացքում «իր սև գործն է անում օրգանիզմում»։
«Ձեզ պատվաստել են, պատվաստանյութը խթանել է հակամարմինների առաջացումը, ցույց է տվել` ինչի դեմ պայքարել, և երեք–չորս շաբաթ անց պատվաստանյութից նույնիսկ հետք չի մնում օրգանիզմում։ Այնպես չէ, որ ձեզ ներարկել են և դուք ամբողջ կյանքում «չիպավորված» եք մնում», – ընդգծել է բժիշկը։
Մյասնիկովի խոսքով` նույնիսկ եթե պատվաստված վարդու մոտ կողմնակի ազդեցություններ են առաջանում պատվաստվելուց հետո, դա տեղի է ունենում երկու–երեք շաբաթվա ընթացքում։