ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Սյունիքիմարզի Ճակատեն համայնքում Ադրբեջանի կողմից տեղադրվող մաքսակետի մասին Կապանի ներկայիս քաղաքապետ Գևորգ Փարսյանը հստակ տեղեկություն չունի։
Այս մասին Փարսյանն ասաց լրագրողների հետ զրույցում, Կապանում ՏԻՄ ընտրություններին քվեարկելուց հետո։
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի մի շարք համայնքներում։ ՏԻՄ համամասնական ընտրություններ են Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։
«Ներկա պահին չգիտենք մաքսակետ է, թե ինչ է, միայն ունենք տեղեկություն, որ տնակ է տեղադրվել հենց ճանապարհի մոտ։ Այդ հատվածն այժմ օգտագործվում է նույն ռեժիմով, բայց մտավախություն ունեմ, որ կարող է վերածվել մաքսակետի»,- ընդգծեց Փարսյանը։
Նա շեշտեց, որ ներկա պահին ՀՀ քաղաքացիները կարողանում են անխոչընդոտ անցնել այդ ճանապարհով։
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 13-ից լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում Ադրբեջանը նոր մաքսակետ է տեղադրում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը հաստատել էր տեղեկությունը, որ Ճակատենից դեպի Կապան տանող ճանապարհին, գյուղից 4 կմ հեռավորության վրա, ադրբեջանցիներն ինչ-որ շինարարական աշխատանքներ են իրականացնում:
Նշենք, որ Ներքին Հանդ գյուղը դեպի Կապան գնացող ճանապարհի վրա Ճակատենից հետո առաջինն է: Եթե Ճակատենի ճանապարհը փակվի, Կապանի գյուղերի բնակիչները ստիպված կլինեն շրջանցել Մեղրիով։
Հավելենք, որ պաշտոնական որևէ աղբյուր այս տեղեկությունը դեռ ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է։
Նոյեմբերի 11-ին ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով Գորիս–Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական մաքսակետի գոյությունը, նշեց, որ դրա դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան։