ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. COVID-19 համավարակի պայմաններում շաքարային դիաբետով պացիենտները ռիսկի խմբում են և խոցելի են հիվանդության ծանր ընթացքի, բարդությունների առաջացման, ելքի տեսանկյունից: ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում ՇԴ ունեցողներին պատվաստվել COVID-19-ի դեմ, քանի որ պատվաստումը կարող է նվազեցնել հիվանդության բարդ ընթացքն ու անցանկալի ելքերը:
Նախարարությունից նաև հիշեցնում են, որ աշխարհը նոյեմբերի 14-ին նշում է շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը։
Գերատեսչությունից հայտնում են, որ Հայաստանում իրականացվում է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակներում հաշվառված ինսուլինակախյալ երեխաներին և մինչև 23 տարեկան երիտասարդներին անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ, թեստ-երիզներ և արյան մեջ գլուկոզի չափման սարքեր:
««Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում շարունակվում են ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգները. 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն առաջնային օղակում անվճար հետազոտվելու` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով»,- նշում են գերատեսչությունից:
Նախարարությունից նաև հիշեցնում են, որ 1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ պացիենտներին պետությունը 100% ապահովում է դեղերով: 2-րդ տիպի շաքարային դիաբետով շարունակական հսկողության տակ գտնվող պացիենտների դեղերով ապահովվածության մակարդակը ևս կազմում է 100%: