«Մեր նպատակը չի փոխվել»․ի՞նչ են գրում գերմանական լրատվամիջոցները Հայաստանի հետ խաղից առաջ

Հայաստան–Հյուսիսային Մակեդոնիա. Արխիվային լուսանկար
Ֆուտբոլի աշխարհի քառակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ Հայաստանի հավաքականը հանդիպել է 4 անգամ(մեկը` ընկերական)։ Բոլոր խաղերում էլ մեր ընտրանին խոշոր հաշվով զիջել է տիտղոսակիր մրցակցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Այսօր կայանալիք Հայաստան- Գերմանիա ընտրական հանդիպումը մեծ հետաքրքրություն չի առաջացրել գերմանական լրատվամիջոցներում։ Գերմանիայի հավաքականն արդեն ապահովել է աշխարհի 2022 թվականի ուղեգիրը, իսկ Հայաստանի հավաքականը կորցրել է տեսական բոլոր հնարավորությունները երկրորդ ուղեգրի համար պայքարում։ Մարզական առումով խաղն այնքան էլ հետաքրքիր չէ, բոլորն ուղղակի փորձում են գուշակել, թե ինչպիսի հաշիվ կգրանցվի այդ խաղում։ Երևի այդ պատճառով գերմանական մամուլը չի էլ խոսում Հայաստանի հավաքականի հետ հեշտ կամ դժվար խաղի մասին։
Եվրոպական ընտրական J խմբի նախավերջին խաղում Գերմանիայի հավաքականը ինն անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտեյնի դարպասը` այդպես նշանավորելով Բունդեսթիմի նախկին գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովի հետ պաշտոնական հրաժեշտը։ Իսկ Հայաստանի հավաքականն անսպասելի կերպով սեփական հարկի տակ 0։5 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ Անկախ ամեն ինչից` գերմանացիները մեր հավաքականի համար առայժմ անանցանելի արգելք են։
Ինչպես խաղալ Գերմանիայի հավաքականի դեմ. Արամայիս Տոնոյանի «դեղատոմսը»
Գերմանական Spiegel.de պարբերականը նշում է, որ կորոնավիրուսի պատճառով Հանս Դիտեր Ֆլիկը չի կարող խաղադաշտ դուրս բերել Գերմանիայի հավաքականի մարտական կազմը։
«Հայաստանի հավաքականի հետ խաղին Գերմանիայի հավաքականի կազմը ենթարկվելու է մեծ փոփոխության։ Տարբեր պատճառներով Երևանում չեն Նիկլաս Զյուլեն, Ջոշուա Կիմիխը, Մանուել Նոյերը, Մարկո Ռոյսը Սերժ Գնաբրին, Լեոն Գորեցկան, Անտոնիո Ռյուդիգերը։ Անկախ ամեն ինչից, գերմանական թիմը առաջին խաղում հաղթելով 6։0 հաշվով, ապացուցեց, որ Հայաստանի հետ խաղում խնդիրներ չի ունենա և ձգտելու է ընտրական մրցաշարն ավարտել հաղթական խաղով»,- նշվել է Spiegel-ում։
Ներկայացվել է Գերմանիայի դեմ խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հայտացուցակը
Համարյա նույնիմաստ տեքստ է հրապարակել Kicker.de կայքը։ «Չնայած ֆուտբոլիստների հետ կապված խնդիրներին, Գերմանիայի հավաքականը նպատակ է դրել հաղթել Հայաստանի հավաքականին ու ընտրական մրցաշարը J խմբում ավարտել 27 միավորով։ Այն ֆուտբոլիստները, որոնք խաղադաշտ դուրս կգան Գերմանիայի հավաքականի մարզաշապիկով, կանեն առավելագույնը մարզչի առաջադրանքը կատարելու ու ընտրական պայքարին հաղթանակ ավարտ ապահովելու համար»,- գրված է կայքում։

Իսկ ահա Faz.net- կայքը հրապարակել է Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկի կարծիքն առաջիկա խաղի վերաբերյալ․ «Չնայած, որ իմ տրամադրության տակ Երևանում լինելու են 16 ֆուտբոլիստներ, դա չի փոխում մեր նպատակը խաղի հետ կապված։ Մենք թիմի խաղը կարգավորելու աշխատանք դեռ ունենք կատարելու, և այդ առումով հայերի հետ խաղը բացառություն չէ։ Մենք ձգտելու ենք միմիայն հաղթանակի», - նշել է Ֆլիկը։

Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջնությունների ընտրական պայքարում արտագնա խաղում պատմության մեջ ոչ մի պարտություն չունի։ Սկսած 1934 թվականից մինչև օրս գերմանացիներն անցկացրած ընտրական 103 խաղերից պարտվել են միայն երեքում, հաղթել 82-ում։ Բոլոր երեք պարտությունները թիմը կրել է սեփական հարկի տակ, և վերջինը ընտրական այս խմբում Հյուսիսային Մակեդոնիայից 1։2 հաշվով։