Ալիևին պետք է պատասխանատվության ենթարկել. ԱՄՆ կոնգրեսականը` Շուշիի դեպքի մասին

Ֆրենկ Փալոնե. Արխիվային լուսանկար
Փալոնեն կարծում , որ Բայդենի վարչակազմի կողմից Արցախում խաղաղ բնակչի սպանության դատապարտումը կարևոր է, բայց բավարար չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է պատասխանատվության ենթարկել։ Նման հայտարարություն է արել ամերիկացի հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն Շուշիի մերձակայքում խաղաղ հայ բնակչի սպանությունից հետո:
«Խաղաղ հայ բնակիչների նկատմամբ բռնությունը շարունակվում է անգամ հրադադարի ընդունումից մեկ տարի անց։ Այդ միջադեպի դատապարտումը Բայդենի վարչակազմի կողմից կարևոր է, սակայն անհրաժեշտ է անել ավելին, որպեսզի Ալիևին պատասխանատվության ենթարկեն իր մահացու գործողությունների համար», - գրել է Փալոնեն Twitter-ում:
Այսպես է նա մեկնաբանել Պետդեպարտամենտի հաղորդագրությունը ՝ դատապարտելով Շուշիի մոտ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի սպանությունը։
Ավելի վաղ Փալոնեն Պետդեպարտամենտին կոչ էր արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար:
Համացանցում է հայտնվել Շուշիի անցակետի մոտ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը սկզբում հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները նոյեմբերի 8-ին կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 3 վիրավորվել է: Միջադեպի պահին քաղաքացիները վերանորոգել են ջրատարը։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հստակեցրել էր, որ ադրբեջանցի զինվորը ներթափանցել է արցախյան տարածք։ Ցանկանալով վախեցնել տեղի բնակիչներին, խուճապ սերմանել նրանց մեջ, նա մի քանի կրակոց է արձակել ջրատարը վերանորոգող քաղաքացիների ուղղությամբ։