ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Ճակատեն գյուղից դեպի Կապան տանող ճանապահին, գյուղից շուրջ 4 կմ հեռավորության վրա, ադրբեջանցիներն ինչ-որ շինարարական աշխատանքներ են իրականացնում:
Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ Ներքին Հանդ գյուղը դեպի Կապան գնացող ճանապարհի վրա Ճակատենից հետո առաջինն է:
Եթե Ճակատենի ճանապարհը փակվի, Կապանի գյուղերի բնակիչները ստիպված կլինեն շրջանցել Մեղրիով
Հարցին, թե արդյո՞ք կառուցվողը մաքսակետ է, Բաղդասարյանը պատասխանեց.
«Դե, մենք էլ ենք այդպես մտածում, բայց վերջնական չեմ կարող ասել: Փաստ է, որ ճանապարհի վրա աշխատանքներ անում են, ծառեր էին կտրտում, ավտո կար կանգնած»,- ասաց մեր զրուցակիցը:
Խաչատուր Բաղդասարյանը նաև պարզաբանեց, որ եթե Ադրբեջանը փակի նաև այս ճանապարհը, այդ կետից դեպի իրենց գյուղեր ու Կապան հասնելու համար ստիպված են լինելու շրջանցել Մեղրիով:
«Մի ճանապարհ էլ ունենք սարով անցնող, բայց հիմա ձյուն է, այնտեղով հնարավոր չէ անցնել: Բացի այդ, անանցանելի է, տարիներով չի մաքրվել, չի նորոգվել: Իսկ Մեղրիով 100 կմ-ով ճանապարհը երկարում է»,- ասաց նա:
Հավելենք, որ պաշտոնական որևէ աղբյուր այս տեղեկությունը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել:
Հիշեցնենք` նոյեմբերի 11-ին ՀՀ կառավարության նիստից հետո Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ Սյունիքի մարզի Գորիս–Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան։
Նա նաև ընդգծեց, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ գործարք չի լինելու։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի ծանուցումից հետո (որ պատրաստվում են մաքսատուրք գանձել նշված ճանապարհով անցնող ՀՀ քաղաքացիներից) իրենք որոշել են հրաժարվել այդ ավտոճանապարհից ու ՀՀ քաղաքացիներին ուղղորդել երթևեկել այլընտրանքային` Կապան– Աղվանի– Տաթև– Հալիձոր– Շինուհայր ճանապարհով։