Ստեփանյանը հանդիպել է Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակից քաղաքացուն և գրառում արել

Գեղամ Ստեփանյանի համոզմամբ` միջադեպը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի համատեքստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ԱՀ քննչական կոմիտեում հանդիպել է խաղաղապահ զորակազմից Արցախի իրավապահներին հանձնված ԱՀ քաղաքացուն։
Ստեփանյանը հայտնում է, որ ծանոթացել է դեպքի հանգամանքներին, քաղաքացին կապ է հաստատել հարազատների հետ։
Արձանագրված միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու գործողություններն իրականացվելու են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ ապահովելով քաղաքացու բոլոր իրավունքներն ու օրինական շահերը։
Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակից արցախցին Արցախի ՔԿ–ում է
ՄԻՊ գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում իրականացնելու է բոլոր անհրաժեշտ գործողությունները։

«Այսօրվա միջադեպը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի՝ հրադադարի հաստատումից ի վեր մեկ տարվա ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հանցանքերն անպատիժ թողնելու, Արցախի ժողովրդի իրավունքների պարբերաբար ու նպատակային խախտումների և ժողովրդին հոգեբանական ահաբեկման ենթարկելու ամբողջական համատեքստում»,– նշում է պաշտպանը։

Հիշեցնենք` այսօր վաղ առավոտյան Շուշիի մոտ` Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, պայթյուն էր տեղի ունեցել, ինչին հաջորդել էր փոխհրաձգություն։ Արդյունքում Ստեփանակերտ–Բերձոր ճանապարհը ժամանակավորապես փակվել էր։
Հայկական Telegram ալիքների տեղեկություններով` պայթուցիկ նետողը եղել է օրեր առաջ Շուշիում ադրբեջանցի զինվորականի կողմից սպանված 22-ամյա Մարտիկ Երեմյանի եղբայրը։
Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ ռուս խաղաղապահների մոտ գտնվող քաղաքացին Նորայր Միրզոյանն է։
Արցախի ՄԻՊ–ը հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ պարզաբանման արդյունքում նշվել է, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։
Արցախի ԱԱԾ–ն էլ հայտնել էր, որ Շուշիի անցակետի մոտ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան։