ՌԱԴԻՈ

Պատվաստանյութ ենք ներկրում` հերթեր գոյացնում. ինչ անել, որ COVID-ի դեմ պայքարն արդյունք տա

Համաճարակաբան Արմեն Օհանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պատվաստումների գործընթացին, առաջարկներ ներկայացրել այն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։
Sputnik
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները Հայաստանում իրականացվում են հնարավորության սահմաններում, իսկ այդ հնարավորություններն ու ռեսուրսները սահմանափակ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց համաճարակաբան Արմեն Օհանյանը։
Սահմանափակ ռեսուրսներն ու հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար Օհանյանն առաջարկում է համաճարակի դեմ պատվաստումներն իրականացնել ըստ թիրախային խմբերի։
Նրա կարծիքով` այդկերպ և՛ պատվաստումների արդյունավետությունը կբարձրանա, և՛ մահացության թիվը կնվազի։

«Միայն պատվաստանյութի խմբաքանակ ներկրելով հարցը չի լուծվում։ Մենք չենք կարողանում մեծաթիվ մարդկանց պատվաստել, օրական առավելագույն ցուցանիշը 10.000–ի է հասնում այն դեպքում, երբ պատվաստման ընթացքում չենք կարողանում հակահամաճարակային կանոնները պահպանել ` մարդկանց կուտակումներ ենք թույլ տալիս, կենդանի հերթեր ենք գոյացնում, ինչը էպիդեմիայի դեպքում անթույլատրելի է»,- ասաց նա։

Օհանյանը շեշտեց, որ հակամաճարակային կանոնների բացակայության հետևանքով նոր վարակակիրներ ենք ունենում։
Համաճարակաբանի համոզմամբ` նոր դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է նաև մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնել։
Նոր կարգ. ռիսկի խմբերում գտնվող քաղաքացիները կպատվաստվեն առանց պոլիկլինիկա այցելելու
Պետությունը կամ առողջապահության նախարարությունը չեն կարող ամեն վայրկյան վերահսկել, որ մարդիկ, օրինակ, սոցիալական հեռավորություն պահպանեն։ Բացի այդ` նմանատիպ խախտումներ միայն պատվաստումների ժամանակ չեն արձանագրվում։

«Այդ խախտումները կարող են լինել նույն հանրախանութներում, սուպերմարկետներում, մյուս բոլոր տեղերում»,- նշեց Օհանյանը։

Համաճարակաբանն առաջարկում է նաև պատվաստման գործընթացը շարժական դարձնել ճիշտ այնպես, ինչպես թեստավորումը. բուժանձնակազմը կարող է այցելել կազմակերպություններ, հաստատություններ, անձնակազմին պատվաստել և դուրս գալ։ Նրա խոսքով` սա ևս կարող է նպաստել վարակի նոր դեպքերի նվազմանը։
Ճիշտը պատվաստումից չվախենալն է. բժիշկներն ուղիղ կապ են տեսել սպասումների և հետևանքների մեջ
Նշենք, որ այսօր` նոյեմբերի 13-ին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1251-ով և դարձել 328 081: