Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել այն ներդրումային ծրագրերը, որոնք առաջ չեն շարժվում

ՀՀ վարչապետը, փոխվարչապետերը և ճյուղային նախարարները կներգրավվեն Ներդրումների աջակցման կենտրոնի հոգաբարձուների խորհրդում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ներդրումների աջակցման կենտրոնի` «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործունեությանը վերաբերող հարցեր:
«Էնթերփրայզ Արմենիա»-ի՝ Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը վերաբերյալ խորհրդակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ (13 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից` Փաշինյանը հանձնարարել է առաջիկայում խորհրդի նոր կազմը հաստատելուց հետո կազմակերպել խորհրդակցություն և ներկայացնել այն ներդրումային ծրագրերը, որոնք բախվել են տարբեր խնդիրների և առաջ չեն շարժվում:

«Մենք անընդհատ տարբեր խնդիրներ ենք ունենում՝ կապված ներդրողների կողմից բարձրացվող հարցերի հետ, երբ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ներդրումային ծրագրեր իրականացնելիս հանդիպում են ամենատարբեր բարդությունների: Մենք մի քանի անգամ ամենատարբեր ֆորմատներն ենք փորձարկել, թե ինչպես ի մի բերենք, քննարկենք և լուծումներ տանք այդ խնդիրներին, որպեսզի ներդրողների համար ներդրումային գործընթացն առավել սահուն ընթանա»,– ասել է Փաշինյանը:

Հանձնարարվել է, որ խորհուրդը մանրամասն կքննարկի խոչընդոտները և կփորձի գտնել համապատասխան լուծումներ, այդ թվում՝ օրենսդրական:
«Էնթերփրայզ Արմենիան» պետք է դառնա ներդրումային ծրագրերի քննարկման հարթակ։ Բոլոր այն ներդրումային ծրագրերը, որոնք ուղեկցման անհրաժեշտություն ունեն, կքննարկվեն հոգաբարձուների խորհրդում, ըստ անհրաժեշտության կհրավիրվեն նաև գործառույթ ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները։
Իտալիան շահագրգռված է ՀՀ–ի հետ ներդրումային նոր ծրագրերի քննարկմամբ և իրականացմամբ. դեսպան
Ներդրումների աջակցման կենտրոնի հոգաբարձուների խորհրդում կներգրավվեն ՀՀ վարչապետը, փոխվարչապետները և ճյուղային նախարարները: