ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը նոր փոփոխություն է կատարել COVID-19-ի դեմ պատվաստումների ընթացակարգերում։
Ինչպես հայտնում են գերատեսչությունից` ռիսկի խմբում գտնվող անձանց համար այսուհետ կգործեն պատվաստումներ իրականացնող արտագնա, շարժական խմբեր։
Այդպիսով, ռիսկի խմբերին հնարավորություն կտրվի խուսափել պոլիկլինիկա լրացուցիչ այցից։
Նախաձեռնության նպատակն է ապահովել պատվաստումային ծառայությունների հասանելիությունը հասարակության տարբեր խմբերի համար։
Արտագնա պատվաստումները մեկնարկել են այսօրվանից` նոյեմբերի 13-ից, ու կիրականացվեն պարբերաբար։
Բուժաշխատողները նախապես կտեղեկացնեն բնակիչներին արտագնա պատվաստումների ժամանակացույցի մասին։
Կորոնավիրուսային հիվանդության ավելի խոցելի խմբեր են համարվում տարեցները, խրոնիկ հիվանդություն ունեցողներն ու սահմանափակ շարժունակությամբ անձինք։