Իսրայելի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրող բանաձևի հերթական նախագիծը: Ինչպես և նախկինում, այն նախաձեռնողները ընդդիմության ներկայացուցիչներ են հանդիսանում։ Սակայն հատկանշական է, որ այժմ նախագծի համահեղինակների թվում նախկին վարչապետ Նեթանյահուի համախոհներն են, որը ժամանակին մեծ ջանքեր է գործադրելՔնեսեթում բոլոր հայամետ նախաձեռնությունները տապալելու համար։ Միևնույն ժամանակ, կառավարության կարևորագույն պաշտոններն այժմ զբաղեցնում են այն քաղաքական գործիչները, որոնք նախկինում հանդես են եկել որպես երիտթուրքական ռեժիմի հանցագործությունների դատապարտման կողմնակից։ Ինչպե՞ս կանդրադառնա այս դասավորությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարի վրա:
Սա հունիսին Իսրայելում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հասնելու առաջին փորձն է։ Նախորդ բոլոր փորձերը հանգում էին նախկին վարչապետ, 15 տարի շարունակ երկիրը ղեկավարած Բենիամին Նեթանյահուի աշխատակազմի կոշտ հակազդեցությանը։
Այդ պատճառով էլ հայկական քաղաքական էլիտայի շատ ներկայացուցիչներ Երուսաղեմում իշխանության փոփոխությունը զգուշավոր լավատեսությամբ ընդունեցին։ Երևանյան փորձագետները հույս հայտնեցին, որ ընտրություններում ընդդիմության հաղթանակը պայմաններ կստեղծի արցախյան 44–օրյա պատերազմի ժամանակ Նեթանյահուի վարչակազմի կողմից Ադրբեջանին ցուցաբերած անուղղակի աջակցության արդյունքում գործնականում ընդհատված հայ-իսրայելական հարաբերությունները վերականգնելու համար: Նոր կառավարիչների հայացքներն ու մոտեցումները թույլ էին տալիս երկխոսության արդյունավետություն ակնկալել՝ դրա վերսկսման դեպքում։
Նոր իշխող կոալիցիայի առաջնորդները՝ Նաֆթալի Բենեթն ու Յաիր Լապիդը, տարբեր ժամանակներում կողմ են արտահայտվել Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Վարչապետ Բենեթը 2015թ․-ին, երբ կրթության նախարարն էր, անձամբ էր առաջ էր քաշում այդ թեման, ինչը հակասում էր այն ժամանակվա կառավարության գծին։
«Ես դիմել եմ խորհրդարանի նախագահին՝ արտոնելու Իսրայելի կողմից Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը», - հայտարարում էր Բենեթը վեց տարի առաջ կայացած խորհրդարանական լսումների ժամանակ:
Ավելի հստակ էր Յաիր Լապիդի դիրքորոշումը, որն այժմ զբաղեցնում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը և պատրաստվում է գլխավորել կառավարությունը 2023 թվականին:
Խորհրդարանական ընդդիմության առաջնորդը լինելով՝ Լաբիդն անձամբ էր նախաձեռնել Քնեսեթում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը։ Նրա ջանքերը շատ մոտ էին դրական արդյունք ապահովելուն, բայց կառավարությունը քվեարկությունը տապալելու միջոց գտավ։ 2019թ․-ին Լապիդը խոստացավ, որ եթե հաղթի ընտրություններում, կհասնի Ցեղասպանության ճանաչմանը։
Սակայն, չնայած այս ամենին, իշխող կոալիցիան ներկայացնող պատգամավորները չաջակցեցին ընդդիմադիրներին, որոնք Քնեսեթի քննարկմանն էին ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նոր նախագիծը: Օրինագծի համահեղինակն են դարձել վեց խորհրդարանական, որոնցից երեքը՝ «Լիկուդից», որտեղ Բենիամին Նեթանյահուի դերն օրեցօր նվազում է, մյուս երեքը՝ ուլտրա-կրոնական ՇԱՍ կուսակցությունից, որը նախկինում երբեք հայկական հարցում իրեն չի դրսևորել։
Ամենաանսպասելին այն էր, որ նրանց չաջակցեցին «Մերեց» ձախ կուսակցության պատգամավորները․ այդ կուսակցությունը մշտապես հայ համայնքի կողքին է եղել և աջակցել գրեթե բոլոր նախաձեռնություններին։ Իսրայելի հայերը չեն ուզում հավատալ, որ կառավարությունում բարձր պաշտոններ ստանալուց հետո այն կուսակցության առաջնորդները, որի օգտին իրենք ավանդաբար քվեարկել են, վերանայել են իրենց հայացքները։
Հարկ է նշել, որ իշխող կոալիցիայում թուրքերն ու ադրբեջանցիները հզոր լոբբի ունեն՝ ի դեմս «Մեր տունը Իսրայելն է» աջ կուսակցության։ Այն գլխավորում է Բաքվի և Անկարայի վաղեմի գործընկեր Ավիգդոր Լիբերմանը։ Գուցե հենց կառավարությունում նրա ներկայությունն է յուրատեսակ հակակշիռ դարձել «Մերեց» կուսակցության՝ մեզ համար դրական դերին։ Լիբերմանը չի կարողացել այնպիսի պորտֆել ստանալ, որը թույլ է տալիս ազդել արտաքին քաղաքականության և ուժային կառույցների վրա։ Թեև ֆինանսների նախարարի պաշտոնում էլ որոշումների կայացման վրա ազդելու մեխանիզմները քիչ չեն։
Երուսաղեմում գործող Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, Հայ-իսրայելական միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը դեռևս ամռան սկզբին կանխատեսել էր, որ Լիբերմանի ջանքերը կհանգեցնեն «Ցեղասպանության ճանաչման հարցի հետաձգմանը»։
Պետք է հասկանալ, որ այնպիսի հարցերում, ինչպիսին Հայոց ցեղասպանության ճանաչումն է, նոր վարչապետ Բենեթի ձեռքերը, մեծ հաշվով, կապված են։ Դա պայմանավորված է մեր ներկայիս կառավարության կոալիցիոն բնույթով և այդ կոալիցիայում Բենեթի դիրքորոշման անկայունությամբ։ Սա հաշվի առնելով` ես նրա կառավարությունից որակապես նոր լուծումներ չեմ ակնկալում Հայոց ցեղասպանության հարցում», -նշում էր Ցինկերը։
Գրեթե կես տարի անց նորից անդրադառնալով թեմային, նա Facebook-ի իր էջում գրում է․
«Շատ հետաքրքիր է, թե ինչպես իրենց կպահեն արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը, արդարադատության նախարար Գիդեոն Սաարը և շրջակա միջավայրի նախարար Թամար Զանգբերգը, որոնք 2018-2019 թվականներին իրենք են հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին և փորձել են նույնատիպ օրինագիծ իրականացնել։ Այս անգամ ի՞նչ պատճառաբանություններ կհորինի իշխող կոալիցիան..․»։
Ադրբեջանական և թուրքական լոբբիի առաջնորդները համոզված են, որ Քնեսեթն իրենց չի հիասթափեցնի։
«Ես չեմ կարծում, որ Իսրայելի նոր կառավարությունը կփոխի Ադրբեջանի հետ համագործակցության վեկտորը։ Ադրբեջանա-իսրայելական հարաբերություններում ամեն ինչ միայն կբարելավվի,-Բաքվի լրագրողներին տված հարցազրույցում ասել է իսրայելցի քաղաքագետ Միխայիլ Ֆինկելը,-եթե կշեռքի մի նժարին դնենք Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմական, հետախուզական և տնտեսական առումով շարունակելու նպատակահարմարությունը, իսկ մյուս նժարին՝ հայկական լոբբիի այն սակավաթիվ ձայները, որոնք Ցեղասպանության ճանաչում են պահանջում, ապա, իհարկե, կշահի այն վեկտորը, որը եղել է Բենիամին Նեթանյահուի օրոք...»:
Սակայն առանց իշխող կոալիցիայի վերջնական որոշումն իմանալու կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է։ Բենեթն ու Լապիդը մինչ օրս պարզապես առիթ չեն ունեցել զբաղվելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միասնական մոտեցման մշակմամբ։ Հենց այդ պատճառով Քնեսեթում նրանց գործընկերները չէին համարձակվում որոշակի դիրքորոշում արտահայտել։
«Լիկուդի» և ՇԱՍ-ի ընդդիմադիրների ակտիվությունը կառավարիչներին կստիպի կոնսենսուսային որոշում ձևավորել, որից հետո էլ հնարավոր կլինի օբյեկտիվորեն դատել հայամետ նախաձեռնության հաջողության շանսերի մասին։ Նաֆթալի Բենեթն ու Յաիր Լապիդը հիանալի հնարավորություն ունեն ընտրազանգվածին ապացուցելու իրենց հետևողականությունն ու հավատարմությունը տված խոսքին։