Գյումրիում գիշերը հրդեհ է բռնկվել. տուժածների մեջ կան երեխաներ, մեկի վիճակը ծանր է

Հրդեհը բռնկվել է Բուլվարային թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Գյումրիում գիշերը հրդեհ է բռնկվել, արդյունքում տուժել է 5 մարդ, որոնց մի մասն անչափահասներ են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 13-ին, ժամը 02:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում այրվում է շինու­թյուն»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուլվարային թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում:
Հրազդանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:06-ին, մարվել՝ 03:43-ին:
Այրվել են շքամուտքում կուտակած կենցաղային աղբը (մոտ 7 խմ) և մալուխ (մոտ 80 գմ):
Ծխահարման նախանշաններով Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Կ․ Մ․-ն (ծնված 1995 թ.) և Ա․ Օ․-ն (ծնված 1998 թ.), ովքեր ստանալով համապա­տաս­խան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Գ․ Օ․-ն (ծնված 2008 թ.), Մ․ Օ․-ն (ծնված 2012 թ.) և Ա․ Օ․-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են «Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկ­ները Ա․ Օ․-ի և Մ․ Օ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ․ Օ․-ինը՝ ծանր։
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության «1 Բիս» կանչ