Եկեղեցուն խելամիտ որևէ բացատրություն չի ներկայացվել. Մայր աթոռը նոր հայտարարություն է արել

Հայ առաքելական եկեղեցին առաջարկել էր Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին Հայաստանի թեմակալ առաջնորդների մասնակցությամբ ընդլայնված նիստին անդրադարձ է եղել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը։
Նիստում արձանագրվել է, որ օրենսդրական փոփոխությունների լրացված նախագծում Մայր աթոռի առաջարկը տեղ չի գտել և Հայ եկեղեցու հետ որևէ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել։

«Ազգային, հոգևոր, պետական շահերի համատեքստում խելամիտ որևէ բացատրություն չի ներկայացվել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի առաջարկությունը մերժելու և հիշյալ օրերը (հունվարի 5-ը և 7-ը,- խմբ.) ոչ աշխատանքային օրերի ցանկից դուրս բերելու նախաձեռնության առնչությամբ»,– ասված է Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ։

Այդուհանդերձ, ժողովի մասնակիցները հույս են հայտնել, որ եկեղեցու առաջարկը դրական անդրադարձ կգտնի խորհրդարանում։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը փոփոխություն էր առաջարկել «Տոների ու հիշատակի օրերի» մասին օրենքում, որով նախատեսվում էր Ամանորի հանգստյան օրեր թողնել միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը, ապա նաև հունվարի 6-ը` Սուրբ ծնունդը:
Այսպիսով, տոնական օրերի ցանկից հանվում էր 4 օր` դրանք վերածելով աշխատանքային օրերի։
ՌԱԴԻՈ
Ի՞նչ նպատակ ունի ամանորյա տոնական օրերը կրճատելու օրենքը. Աղազարյանի անձնական մոտեցումը
Կառավարության այս առաջարկը ԱԺ–ն առաջին ընթերցամբ ընդունել էր։
Հայ առաքելական եկեղեցին նախագծի հեղինակներին ու Ազգային ժողովի խմբակցություններին առաջարկել էր Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։
Նոյեմբերի 10-ին, նախագծի առաջին ու երկրորդ ընթերցումների միջև տեղի ունեցած քննարկմանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ–ում հայտնել էր, որ կառավարությունը, հաշվի առնելով հանրային կարծիքը, 1 օրով ավելացրել է Ամանորի արձակուրդը` դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին ավելացնելով նաև հունվարի 2-ը։