ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Արցախում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպքով ԼՂ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։
«Նոյեմբերի 13-ին ժամը 07:00-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն»,– ասվում է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։
Այսօր վաղ առավոտյան Շուշիի մոտ` Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, պայթյուն էր տեղի ունեցել, ինչին հաջորդել էր փոխհրաձգություն։ Արդյունքում Ստեփանակերտ–Բերձոր ճանապարհը ժամանակավորապես փակվել էր։
Հայկական Telegram ալիքների տեղեկություններով` պայթուցիկ նետողը եղել է օրեր առաջ Շուշիում ադրբեջանցի զինվորականի կողմից սպանված 22-ամյա Մարտիկ Երեմյանի եղբայրը։
Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ ռուս խաղաղապահների մոտ գտնվող քաղաքացին Նորայր Միրզոյանն է։
Արցախի ՄԻՊ–ը հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ պարզաբանման արդյունքում նշվել է, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։
Արցախի ԱԱԾ–ն էլ հայտնել էր, որ Շուշիի անցակետի մոտ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան։
Հիշեցնենք` նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին, Արցախի Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Տուժել են 4 քաղաքացիական անձինք. մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել։