ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ՊՆ գիտական 27-րդ կենտրոնի գիտնականները բացառիկ «ՔովԲԱԴ» կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ) են ստեղծել, որը կարող է նվազեցնել օրգանիզմում COVID-19 կոնցենտրացիան 16 անգամ, «Կրասնայա զվեդզա» թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ–լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
«Նոյեմբերի սկզբին COVID-19–ի նկատմամբ դրանց արդյունավետությունը ստուգելուց հետո ԿԱՀ–երից մեկի համար պետական գրանցման վկայագիր է ստացվել։ Մեր կողմից իրականացրած փորձերը ցույց են տվել, որ «ՔովԲԱԴ» հավելումի օգտագործման արդեն երկրորդ օրը քիթ–կոկորդում վիրուսի քանակը կրկնակի նվազում է, իսկ վեցերորդ օրը դրա կոնցենտրացիան կրճատվում է 16 անգամ։ Որպես հետևանք` նվազում է նաև ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, հիվանդությունն ավելի քիչ բարդացումներով է ընթանում», – ասել է նա։
Ըստ նրա`ՌԴ ՊՆ գիտական 27-րդ կենտրոնում մշակվող ԿԱՀ–երի հիմնական բաղադրիչները արոնիայի, էխինացեայի էքստրակտներն են, ֆուկոիդանը, խաղաղօվկիանոսյան կաղամարի հիդրոլիզատը և բնական ծագում ունեցող այլ նյութեր, որոնք բարձրացնում են օրգանիզմի հակավիրուսային պաշտպանությունը։
ՌԴ ԶՈւ գիտական հաստատությունները համավարակի բռնկման ամենասկզբից աշխատանքներ են տանում COVID–ի դեմ պայքարի միջոցներ ստեղծելու ուղղությամբ։ Այսպես, օրինակ, Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության 48-րդ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը Գամալեայի կենտրոնի հետ համատեղ մասնակցել է «Սպուտնիկ –V» պատվաստանյութի մշակմանը։ Բացի այդ, ինստիտուտի մասնագետները կորոնավիրուսի դեմ ծամոնի տեսքով պատվաստանյութեր են ստեղծում։