ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ամբողջությամբ պատվաստված ՀՀ քաղաքացիները կկարողանան անարգել ու առանց լրացուցիչ ճամփորդական կանոնների մուտք գործել Շվեդիա։ Այս մասին տեղեկանում ենք schengenvisainfo.com կայքից։
«Կառավարությունը փոփոխություններ է ընդունել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ։ Համաձայն փոփոխությունների՝ այն անձինք, որոնք կարող են ներկայացնել պատվաստման հավաստագիր՝ տրված Հայաստանում, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից»,- ասված է Շվեդիայի արդարադատության նախարարության հայտարարությունում:
Կայքը հայտնում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ին:
Հայաստանը բոլորովին վերջերս է միացել ԵՄ COVID-19 սերտիֆիկատների թվային համակարգին, ինչը նշանակում է, որ երկրում տրված պատվաստումների սերտիֆիկատները ճանաչվում են նույն պայմաններով, ինչ անդամ պետությունների կողմից տրված սերտիֆիկատները:
Այնուամենայնիվ, հայաստանցի ճանապարհորդներին անհրաժեշտ է ապացուցել, որ նրանք պատվաստվել են հենց այն պատվաստանյութով, որը Շվեդիան ընդունում է ճանապարհորդությունների համար։