Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, 37-ամյա Նորայր Ավագյանը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում հայտնվել էր ծանր վիճակում։ Մինչ այդ նա արդեն մի քանի վիրահատություն էր տարել, վեց ամիս հիվանդանոցում պառկած եղել։ Ինքնուրույն ուտել և նստել չէր կարողանում։ Որոշ ժամանակ Զինվորի տանը վերականգնողական բուժում անցնելուց հետո իրավիճակը փոխվեց։ Նորայրն այժմ կարողանում է անձամբ հոգալ իր կարիքները և նույնիսկ մեքենա վարել։
«Բոլորի նման կարողանում եմ ամեն ինչ անել, միայն չեմ քայլում։ Բժիշկներն ասում են` եղել են դեպքեր, որ ինձ նման վնասվածք ունեցած մարդիկ ժամանակի ընթացքում սկսել են քայլել։ Մնում է հուսալ և հավատալ Աստծուն», – ասում է Նորայրը։
Արտերկրում վերականգնում անցնելու մասին նա չի մտածում։ Ասում է, որ իր դեպքում Հայաստանում բոլոր պայմանները ստեղծված են վերականգնվելու համար ու ամենակարևորը` այստեղ կա այն, ինչ չկա նույն Իտալիայում կամ Գերմանիայում` բժիշկների հոգատարությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Նորայրը նշեց, որ օտարերկրյա բժիշկների համար ինքը պարզապես հաշմանդամություն ունեցող զինվոր է, իսկ հայ բժիշկի համար` յուրային։
Կյանքը պատերազմից առաջ և հետո
Նորայրը 17 տարի ապրել է Սարատովում, այնուհետև` Չիտայում։ Կահույքագործ է եղել, առավել շատ փայտից իրեր է սիրում պատրաստել։ 2016 թվականին Հայաստան է վերադարձել, աշխատանքի անցել կահույքի արտադրամասում։ Պատերազմի առաջին իսկ օրը կամավորագրվել էր։ Հավաքակայանի ճանապարհին վախենում էր, որ իրեն չեն վերցնի, քանի որ առողջական խնդիրների պատճառով բանակում չի ծառայել։
Նորայր Ավագյան
© Photo : Diego Harrera / provided by Norayr Avagyan
Վերցրին, ու արդեն սեպտեմբերի 28-ին Նորայրը 45 հոգուց բաղկացած մի խումբ կամավորների ու զորակոչիկների հետ Երևանից Ստեփանակերտ ուղևորվեց։ Այնտեղից նրանց Մատաղիս ուղարկեցին, որտեղ այդ պահին թեժ մարտեր էին ընթանում։ Ավագյանի համար վճռորոշ դարձավ Շուշիի մերձակայքում տեղի ունեցած մարտը։ Այնտեղ նա վիրավորվեց հակառակորդի փամփուշտից, խորհրդանիշ հանդիսացող քաղաքն էլ ընկավ։
Նորայրը վիրավորում ստացավ ողնաշարի հատվածում`փորձելով փրկել վիրավոր մարտական ընկերներին։ 2020 թվականի նոյեմբերի 5–ի լույս 6-ի գիշերը նա վիրավոր վիճակում քաղաքի մատույցներում պառկած անցկացրեց շուրջ 5 ժամ ու ողջ մնաց։
«Բժիշկները միանգամից չհասկացան` որտեղից եմ վիրավորում ստացել։ Դեմքիս արյուն կար աչքի տակի վերքի պատճառով։ Արդյունքում պարզվեց, որ գնդակը դիպել է ողնուղեղային հատվածին», – ասաց Ավագյանը։
Այդ գիշեր Շուշին ընկավ և այդ օրվանից արդեն հակառակորդի վերահսկողության տակ էր, թեժ մարտեր էին գնում քաղաքը վերադարձնելու համար։ Առաջին հարվածը ստացան բուժաշխատողները, այդ պատճառով էլ վիրավորներին առաջին օգնություն ցուցաբերող չկար։ Այդ էր պատճառը, որ իրենից ավելի թեթև վիրավորում ստացածներից շատերը զոհվեցին` արնաքամ լինելով։ նորայրի վերքը չէր արնահոսում, ինչն էլ փրկեց նրա կյանքը։
Առաջին օգնություն նրան ցուցաբերեցին Ստեփանակերտի հոսպիտալում։ Այստեղ նրան վիրահատեցին, այնուհետև տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նորայրրի վիճակը բարդացավ կորոնավիրուսի ֆոնին առաջացած երկկողմանի թոքաբորբի, թոքերի վնասվածքի պատճառով։ 14 օր նա անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում` միացված թոքերի արհեստական շնչառության սարքին։ Խոստովանում է, որ առողջ դատողությունն ու մտքի պարզությունը չի կորցրել, ամեն ինչ հասկանում էր, ընկալում, բայց ոտքերը չէր զգում։
Հիվանդանոցում անցկացրած 165 օրից հետո Նորայրին տեղափոխեցին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։
Նորայր Ավագյանը` Զինվորի տանը
© Photo : Diego Harrera / provided by Norayr Avagyan
Անելանելիությունից դեպի կյանքը շարունակելու ցանկություն
Կենտրոնում յուրաքանչյուր րոպեն հաշվարկված էր։ Մարզումներ և վերականգնողական բուժում, հատուկ սննդակարգ։
Նորայր Ավագյանը` Զինվորի տանը
© Photo : Diego Harrera / provided by Norayr Avagyan
«Եթե ժամանակ էր մնում, տարբեր ծրագրեր կարող էինք սովորել։ Ես 3D MAX ծրագրային ապահովումն էի ընտրել», – ասում է Նորայրը։
Մտադիր է ծրագրի ուսուցումն ավարտել վերականգնողական կենտրոնում։ Նրան բոլորից շատ ոգեշնչում է մյուս տղաների օրինակը։ Միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչ օրս Զինվորի տան կրթական ծրագրերին մասնակցել է 628 զինվոր, որոնցից 29-ն արդեն աշխատանքի են անցել նույն կենտրոնում, գյուղատնտեսության ոլորտում, ՊԵԿ–ում, ՏՏ ընկերություններում, հրատարակչությունում և այլն։ Վճարվել է 41 զինվորի ուսման վարձ։
Բացի այդ, 15 մարդ ձեռքի պրոթեզավորում է անցել, իրենց հերթին են սպասում ևս հինգը։ 34 վիրավորի էլ սրունքաթաթային հոդի, ազդրի և ոտնաթաթի պրոթեզավորում է իրականացվել։
Զինվորի տունն օգնում է նաև հաշմանդամություն ունեցող զինվորների կարիքներին համապատասխան բնակարանային պայմանների հարմարեցման և վերանորոգման հարցում։
Նորայրի դեպքում դեռ դժվարություններ կան։ Այսօր երկրորդ հարկից առաջին իջնել նրան օգնում է հայրը` տեղափոխելով ձեռքերի վրա։
Նորայրի ընտանիքը մտադիր է հաշմանդամների համար նախատեսված ուղղահայաց ամբարձիչ հենահարթակ տեղադրել, ինչը կօգնի նրան ինքնուրույն փողոց դուրս գալ, բայց սարքն արժե 2.5 մլն դրամ։
Պետությունից ստացած աջակցության հաշվին կարող են փակել գումարի միայն մի մասը։ Դա թույլ կտա նրան ինքնուրույն տեղաշարժվել և ապագայում աշխատել իր ընտրած մասնագիտությամբ։