ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերը կդատարկվեն, եթե գյուղացիներն իրենց կյանքի համար վտանգ զգան։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Որոտանում զրուցել է գյուղի բնակիչների հետ։
«Եթե վտանգ եղավ, ոչ մեկը գյուղերում չի մնա, բայց եթե հանգիստ լինի, ոչ մի գյուղացի էլ միայն ճանապարհի փոփոխության համար իր տունը չի լքի։ Գյուղացին միևնույն է իր բոստանով, իր անասունով է զբաղվում»,–ասաց Որոտանի բնակիչներից մեկը։
Մյուս կողմից նա ընդգծեց, որ մինչև ադրբեջանցիների գալը անտառով էին ապրում, ձուկ էին որսում, վաճառում, հիմա դա էլ չկա։ Ուրիշ գործ գյուղում չկա, չի էլ լինի ։
Նրա խոսքով` հենց սկզբից, երբ ադրբեջանցիներն իրանցիներին կանգնեցրել էին ու մաքսատուրք պահանջել, իրենք զգում էինք, որ մի օր էլ իրենց են կանգնեցնելու։
Բնակիչներից մյուսն էլ`Ժորա Թունանյանը, որն աշխատում է «Որոտան» ՀԷԿ-երի կասկադում, նշում է, որ այժմ գյուղում երկու գլխավոր խնդիր ունեն։
Մեկն այն է, որ իրենց մեքենաներն այլընտրանքային ճանապարհով չեն կարողանում քշել, այլ մեքենա է պետք։ Բացի այդ գյուղ պարենամթերք մատակարարելու խնդիր կա։
Գյուղացիներից մյուսի խոսքով` իրենք մինչև ճանապարհի փակվելը, կարողանում էին գնալ Գորիս, տեղի խանութներից պարտքով ապրանք գնել, հետո պարտքը մարել, իսկհիմաչգիտեն` ինչ անել։
Որոտանի ամենամեծ խնդիրը մնում է շտապօգնության հարցը։ Ճիշտ է, գյուղից դեռ շտապօգնության կանչ չի գրանցվել, բայց անհրաժեշտության դեպքում բնակիչները չգիտեն, թե ինչպես են բժիշկները տեղ հասնելու։ Նրանք հույս ունեն, որ ռուս սահմանապահները Գորիս –Կապան ճանապարհին կուղեկցեն շտապօգնության մեքենային։
Նշենք, որ Որոտանի դպրոցի աշակերտներն այս պահին անցել են առցանց ուսուցման, քանի դեռ նոր ճանապարհի հարցը չի լուծվել։
Նշենք, որ Գորիս-Կապան հիմնական ճանապարհը շարունակում է փակ մնալ ադրբեջանցիների կողմից։ Երթևեկությունն իրականացվում է նշված այլընտրանքային ճանապարհով։ Բացի այդ, կառուցվում են ճանապարհներ դեպի ծայրամասային գյուղր, մասնավորապես՝ դեպի Որոտան (մանրամասն՝ Sputnik Արմենիայի տեսանյութում)։
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի։