Մի կողմում ձորն է, մյուսում՝ զառիթափը. եթե Բաքվում որոշեն Կապանի շրջանը դարձնել Նախիջևան

Կապան
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանն անդրադարձել է Սյունիքում ստեղծված իրավիճակին և կանխատեսումներ արել։
Sputnik
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանյան իշխանությունները՝ տարիների ընթացքում ձևավորված գործելաոճին հավատարիմ, էլի շարունակում են ոչ այնքան հասկանալի և ոչ բոլորին մատչելի լեզվով խոսել սեփական ժողովրդի հետ նույնիսկ ամենավճռորոշ պահերին, երբ յուրաքանչյուր քաղաքացու հետ անմիջականորեն առնչվող սկզբունքային որոշումներ են կայացվում։ Միայն ամենաթարմ օրինակը բերեմ։
Երբ վերջին օրերին հասարակության շրջանում բուռն բացասական արձագանք առաջացրեց Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրումը, Հայաստանի վարչապետնը առաջին հայացքից բավական դժվարըմբռնելի միտք արտահայտեց, մեջբերեմ. «Գորիս-Կապան ճանապարհի՝ առանց մաքսակետի գործարկման գինը միջանցքի տրամաբանությունն էր»։
Փորձեմ շարադրել պարզ մարդկային լեզվով.՝ «Ժողովո՛ւրդ, դուք անընդհատ հարցնում եք, թե բա ինչո՞ւ մինչև հիմա մենք՝ հայաստանցիներս, շատ հանգիստ, առանց խոչընդոտների երթևեկում էինք այդ ճանապարհով, չնայած այստեղ վաղուց արդեն ադրբեջանցիների ոստիկանական կետն էր տեղադրված։ Բայց չէ՞ որ մեր ազատ երթևեկը շատ վտանգավոր տեղ էր տանում, երբ ի վերջո Բաքվից լսելու էինք՝ եթե մենք ձեզ չենք կանգնեցնում Գորիս-Կապան ճանապարհին, անձնագիր չենք ստուգում և սահմանային տուրք չենք պահանջում, դուք էլ բարի եղեք նույն ազատ պայմաններով տրանսպորտային միջանցք տրամադրել, որը կմիացնի Նախիջևանը բուն Ադրբեջանի հետ»…
Էքստրեմալ պայմաններ. ի՞նչ տեսք ունի Գորիս-Բարձրավանի այլընտրանքային ճանապարհը
Չգիտեմ, արդյոք ճի՞շտ թարգմանեցի վարչապետի ասածը, բայց երևի այսպես էլ կարելի է հասկանալ Նիկոլ Փաշինյանին, երբ նա փաստում է, թե ճանապարհի այդ հատվածում ադրբեջանական մաքսակետերի չտեղադրումը կտաներ դեպի միջանցքի տրամաբանություն, որն անընդունելի է հայկական կողմի համար։
Լրագրողների հետ զրույցում երեկ մի փոքր ավելի հասկանալի է արտահայտվել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, որն, ի տարբերություն վարչապետի, հիշատակել է նախիջևանյան գործոնը։ Մեջբերեմ. «Ադրբեջանցիներն էլ ցանկանում են ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան նույն տրամաբանության շրջանակում, որը նաև միջանցքի տրամաբանություն ունի։ Մեզ համար սա անընդունելի է եղել, և մենք, բնականաբար, առաջնահերթություն ենք համարել չունենալ միջանցքային տրամաբանության մեջ որևէ գործարք»,- ասել է Արմեն Գրիգորյանը։ Այսինքն, ավելի լավ է՝ թող ադրբեջանցիները մաքսակետեր տեղադրեն, որոնք ի վերջո կարելի է շրջանցել Տաթևի նորոգված ճանապարհի օգնությամբ, քան միջանցքի հաղթաթուղթը թողնել Իլհամ Ալիևի եւ Ռեջեփ Էրդողանի ձեռքին։

Կարելի է մի փոքր ավելի խորը վերլուծություն անել ու ենթադրել, որ երբ Ադրբեջանի առաջնորդը շարունակ կրկնում է, թե ադրբեջանցիները նույնիսկ հայերի կամքին հակառակ կհասնեն իրենց նպատակին և Նախիջեւանը բուն Ադրբեջանի հետ կապող միջանցք կունենան, ինքը նոր ռազմական գործողությունները նկատի չունի։ Եթե տիրում ես Գորիս-Կապան ճանապարհի առնվազն մի հատվածին, կարող ես փորձել մեկուսացնել Կապանը բուն Հայաստանից՝ ստեղծելով այնտեղ, այսպես ասած, նախիջևանյան իրավիճակ, այսինքն` ողջ Կապանի շրջանը դարձնել Նախիջևանի պես մեծ անկլավ։

Կարող եք ասել՝ բայց համեմատությունները տվյալ դեպքում կաղում են, քանզի Նախիջևանը ավտոմոբիլային ու երկաթուղային կապ ընդհանրապես չունի Բաքվի հետ, իսկ Կապանի հետ Երեւանի կապը պահպանվում է նույնիսկ այն բանից հետո, երբ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր են սկսել տեղադրել։ Կներե՛ք, այնքան էլ համոզիչ չեն ձեր փաստարկները։ Իրականում Նախիջևանը Բաքվի հետ ցամաքով կապվելու հնարավորություն միշտ էլ ունեցել է՝ այլ պետության՝ Իրանի տարածքով։ Օդային կապն էլ չի խափանվել։ Ավելին, արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռները մերոնց համաձայնությամբ հենց Հայաստանի տարածքով են թռչում։
Ճիշտ է, օրերս հայտարարվեց, որ հաջորդ տարվա սկզբից Երևանն էլ Կապանի հետ օդային կապ կունենա, ինքնաթիռները «Զվարթնոցից» Կապան կթռչեն շաբաթը երկու անգամ։ Բայց համաձայնե՛ք, դա խնդրի լուծում չէ։ Եթե Բաքվում որոշեն Կապանի շրջանը դարձնել հայաստանյան Նախիջևան, ցանկացած պահի կարող են Գորիս-Կապան ճանապարհի ինչ-որ հատվածում փակել երթևեկությունը։ Չես էլ կարողանա շրջանցել, քանզի լավ գիտեք՝ մի կողմում ձորն է, մյուս կողմում՝ զառիթափը։
Սահմանամերձ Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները կանգ են առել
Ա՛յ, սա է շատերի մտավախությունը, որովհետ և մեր իշխանություններն իրենց, այսպես ասենք՝ «խաղաղասեր դիրքորոշումը» արդեն դրսևորել են Սև լճում՝ հրապարակայնորեն հայտարարելով, որ մի քանի տասնյակ մետրի համար հո նոր պատերազմ չե՞նք սկսելու, արժանանալով իրենց բազմաթիվ երկրպագուների բուռն հավանությանը։ Իսկ սա նշանակում է, որ միջանցքի տրամաբանությունը, որի մասին խոսում են հայաստանցի ղեկավարները, ժամանակի ընթացքում շատ արագ կարող է վերածվել Կապանը Նախիջևան դարձնելու տրամաբանության։
Համաձայնե′ք, կան պահեր, երբ մարդ շատ է ուզում սխալված լինել ապագայի իր կանխատեսումներում։ Եվ սա հենց այդ դեպքն է։