Մենք չգիտեինք, որ ստիպված ենք լինելու կենդանի մարդկանց վրա կրակել. Աֆղանստանի վետերան

Աֆղանական և Հայրենական մեծ պատերազմի վետերանները ոչ միայն տեխնիկական, այլև դրամական օգնություն ստացան Ռուսաստանի կառավարությունից:
Sputnik
Երևան, 12 նոյեմբերի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Աֆղանական պատերազմի վետերանները, որոնք նաև Արցախում մարտական գործողությունների մասնակից են եղել և վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձել, ժամանակակից անվասայլակներ են նվեր ստացել:
Ակցիան նախաձեռնել է Ռուսաստանի կառավարությունը։ Նպատակն է այս ծանր ժամանակներում աջակցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Աֆղանստանում մարտական գործողությունների մասնակիցներին: Աֆղանստանի 150 վետերանների արդեն նվիրաբերվել է երեք անվասայլակ, երկու հատուկ մահճակալ, ինչպես նաև 80–հազարական դրամ: Միաժամանակ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հատկացվել է ավելի քան 150–հազարական դրամ դրամական պարգև և պարենային զամբյուղ (ձավարեղեն, մակարոնեղեն, պահածոներ):
Աֆղանական պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերան Մհեր Պողոսյանը
Ժամանակակից անվասայլակի գործառույթներն առաջինը փորձարկեց Աֆղանական և Արցախյան առաջին պատերազմների մասնակից Մհեր Պողոսյանը։ Նրա խոսքով՝ այսպիսի սայլակով ինքն ավելի շատ հնարավորություններ կունենա, քանի որ հինը վաղուց մաշվել էր, իսկ պարամետրերով նորին շատ էր զիջում։

«Աֆղանստանը լրիվ ուրիշ աշխարհ է։ Ես նույնիսկ հասցրել եմ նրանց լեզուն սովորել։ Այնտեղ դաժան պատերազմ էր ընթանում։ Գործողություններից մեկի ժամանակ, որն ինձ համար ճալատագրական դարձավ, մենք շրջափակման մեջ էինք ընկել, սակայն կարողացանք հակահարված տալ հակառակորդին։ Այդ ժամանակ էլ վիրավորվեցի»,- Sputnik Արմենիային պատմեց Պողոսյանը։

Պողոսյանին տեղափոխում են հիվանդանոց, նա բուժվում է Ուզբեկստանի Ֆերգանա քաղաքի զինվորական հոսպիտալում: Ծառայության ավարտից հետո վերադառնում է Հայաստան։ Աֆղանական փորձը պետք է գալիս արդեն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Զինադադարի ստորագրումից մեկ ամիս առաջ՝ 1994 թվականի ապրիլի 8-ին, Հորադիզի մոտ նա ողնաշարի վնասվածք է ստանում։
Աֆղանական պատերազմի վետերանները ՌԴ կառավարությունից անվասայլակներ նվեր ստացան
«Դիպուկահարը ճակատիս էր նշան բռնել, ես հազիվ հասցրի գլուխս թեքել, գնդակը ողնաշարիս կպավ, խոցեց ողերը։ Այդ ժամանակից այս սայլակին եմ գամված։ Մի ժամանակ նույնիսկ ձեռքս չէի կարողանում բարձրացնել, եղունգներս կինս ու աղջիկս էին կտրում։ Թերապիան և վերականգնողական կենտրոնում բուժումը զգալիորեն լավացրին վիճակս»,-ասում է Պողոսյանը։
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ստացիոնար բաժանմունքի ղեկավար Հակոբ Ազիզյանի խոսքով՝ Պողոսյանն իրենց այցելում է 2019 թվականից: Այդ պահին նրան ախտորոշել են ձեռքի լուծանք, ստորին վերջույթների թուլություն, ողնուղեղի ֆունկցիայի խանգարում։ Ներկայում կինեզոթերապիայի, ֆիզիոթերապիայի, ասեղային բուժման մի շարք կուրսերից հետո Պողոսյանը կարողանում է ինքնուրույն նստել, ինքնուրույն ուտել և լվացվել։
Ազիզյանը պարզաբանեց, որ վնասվածքը վաղուց է ստացել, սակայն այդպիսի վնասվածքի դեպքում պետք է գոնե տարին երկու անգամ վերականգնում անցնել:
Նոր սայլակը փորձարկել է նաև Աֆղանստանի վետերան, «Տիգրան Մեծ» կամավորական ջոկատի հրամանատարներից մեկը՝ Ռազմիկ Ղազարյանը։ Նա ծնվել է 1958թ․-ին, Աֆղանստան՝ պատերազմի, մեկնել է 1979-ին։ Գործողություններից մեկը ընթացքում ոտքի բեկորային վիրավորումէ ստացել։ Հայրենիք է վերադարձել 1980թ․-ին։
Ղազարյանը հիշում է, որ Աֆղանստան ամենուժեղներին ու մարտունակներին էին ուղարկում։
«Մեզ դաշտ էին տանում թիրախը խոցելու։ Ով լավագույն արդյունքն էր ունենում, նրան էլ տանում էին։ Ես նրանցից մեկն էի։ Մենք չգիտեինք, թե ինչ է մեզ սպասում, որ ստիպված ենք լինելու կենդանի մարդկանց վրա կրակել»,-պատմում է նա։
Աֆղանական պատերազմի վետերանները ՌԴ կառավարությունից անվասայլակներ նվեր ստացան
Հիշում է, թե ինչպես ինքնաթիռ նստեց, որտեղ գեներալն իրենց երկար ժամանակ բացատրում էր, որ չպետք է վրիպեն, հակառակ դեպքում նրանց կսպանեն։ Պատերազմում` ինչպես պատերազմում։ Առաջին հարվածը ստացան Քաբուլի օդանավակայանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո։ Նրանց վրա հարձակվեցին, ստիպված էին առաջին իսկ րոպեներից պաշտպանվել և հարձակվել։ Ղազարյանը հույս չուներ, որ դուրս կպրծնի այդ մսաղացից ու տուն կվերադառնա։
Աֆղանական պատերազմի հայ վետերաններ
Երկրորդ վիրավորումը ստացել է Արցախում, 1992թ․-ին։ Սակայն կռվել է մինչև պատերազմի ավարտը, մինչև զինադադարի հաստատումը։ Վերջին տարիներին Ղազարյանի մոտ ոտքերի խնդիրներ էին սկսվել, ստիպված են եղել ձախ ոտքի մի մասն անդամահատել։ Աջը ևս թերապիայի կարիք ունի՝ արյան շրջանառությունը խաթարված է։

Հայաստանն ու Աֆղանական պատերազմը

Հայաստանից Աֆղանստանի պատերազմին մի քանի հազար զինվոր է մասնակցել։ 98 մարդ զոհվել է, 1,5 հազարը՝ վիրավորվել։ Հայրենիք վերադարձածները կազմավորել են աֆղանական պատերազմի հայ վետերանների միությունը, որի կազմում 3 հազար մարդ կա: Նրանք հավաքվում են տարեկան երկու անգամ՝ փետրվարի 15-ին և օգոստոսի 2-ին։
Արցախում մարտերի ընթացքում «աֆղանցիները» երկու վաշտ էին ձևավորել, իսկ առաջին արցախյանի ընթացքում Աֆղանստանի 120 վետերան է զոհվել։
Աֆղանական պատերազմի հայ վետերանների միության մուտքը