Կարապետյանն ու Շմիդտը կարևորել են ԶՈւ–ում կանանց վերաբերյալ ծրագրի շարունակականությունը

Արշակ Կարապետյանն ընդունել է Մարտինա Շմիդտին
Ծրագիրն օժանդակում է կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ զինված ուժերում իրականացվող աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի անցկացման մանրամասներն են քննարկել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը, հավելելով, որ Կարապետյանն այսօր ընդունել է Շմիդտին։
Մարտինա Շմիդտը
Նշենք, որ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ԵԽ գրասենյակն է իրականացնում։ Ծրագիրն օժանդակում է զինծառայողների իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման, իրազեկվածության բարձրացման, կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ զինված ուժերում իրականացվող աշխատանքներին։
Բացի այդ, ծրագիրը նպաստում է ՄԻՊ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև զինվորների, նրանց ընտանիքների, զինհաշմանդամների, զոհված, անհետ կորածների ընտանիքների սոցիալական և առողջապահական իրավունքների ոլորտը կանոնակարգող օրենսդրության ուսումնասիրության հարցում փորձագիտական աջակցության տրամադրմանը։
Նշվում է, որ զրուցակիցները կարևորել են ծրագրի շարունակականության ապահովումը։