ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի շախմատի հավաքականը մեկնարկել է Բելգիայի հանդեպ ջախջախիչ հաղթանակով:
Հայ գրոսմայստերները 3,5:0,5 հաշվով հաղթել են մրցակիցներին: Առաջին խաղատախտակի վրա խաղացող Հայկ Մարտիրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հաղթական միավոր են գրանցել: Հովհաննես Գաբուզյանն իր պարտիան ոչ ոքի է ավարտել։
Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաղթել է առաջին տուրում: Հայ շախմատիստուհիները 2,5:1,5 հաշվով հաղթել են Խորվաթիային: Հայկական թիմի կազմում հաղթանակ են գրանցել Սուսաննա Գաբոյանն ու Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է:
Տղամարդկանց թիմի կազմում երկար տարիների անց առաջին անգամ թիմային մրցաշարերում չի խաղում Լևոն Արոնյանը: Թիմը գլխավորում է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։ Թիմի կազմում կխաղան նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Հովհաննես Գաբուզյանը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային առաջնության 39 մասնակիցների մեջ վարկանիշով 11-րդն է:
Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվում է Սլովենիայի Չատեժ քաղաքում նոյեմբերի 12-21-ը: