ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Այսօր ԱԻՆ մարզային կառույցի ավտոմեքենայով են հաց մատակարարել Սյունիքի մարզի Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր։ Նման հայտարարությամբ հանդես եկել Սյունիքի մարզպետարանը` հավելելով, որ հենց իրենք են կազմակերպել ողջ գործընթացը։
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Գորիս-Որոտան ճանապարհահատվածում (Հայաստանն ու Իրանը կապող ճանապարհ) մաքսակետերի տեղադրումից հետո Սյունիքի մի քանի գյուղեր գրեթե կտրվել են հանրապետությունից: Խոսքը վերոհիշյալ 3 գյուղերի մասին է։
Սյունիքի մարզպետարանը հերքում է Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանի` ԶԼՄ–ներին հայտնած լուրը, թե վերոհիշյալ գյուղեր ինքն է հաց հասցնում` «ով պետք է այդ մասին մտածի»։
«Հայտնում ենք, որ այդ ու գյուղերի բնակիչների մյուս խնդիրների մասին մտածող, ինչպես նաև խնդիրները լուծող կա, ու այսօր ՀՀ ԱԻՆ մարզային կառույցի ավտոմեքենայով Սյունիքի մարզպետարանն է կազմակերպել գյուղեր հաց հասցնելը։ Ինչպես նաև, այսուհետ ևս ամենօրյա ռեժիմով կկազմակերպվի գյուղեր սնունդ հասցնելը»,–նշված է մարզպետարանի հաղորդագրության մեջ։
Կարեն Քոչարյանը հայտնել է նաև, որ Բարձրավանում դիալեզ ստացող հիվանդ կա, և չգիտեն, թե ինչպես պետք է նրա բուժսպասարկումը կազմակերպվի։ Ըստ Սյունիքի մարզպետարանի` դա ևս ապատեղեկատվություն է․նշված հիվանդը Բարձրավանում շատ քիչ է լինում, վերջերս գտնվել է Երևանում։ Արդեն մեկ շաբաթ է՝ նա գտնվում է Կապանում, ու Կապանի ԲԿ-ն կկազմակերպի նրան անհրաժեշտ բուժսպասարկումը։
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։
Դրանից հետո կյանքն այդ տարածաշրջանում ավելի է բարդացել։