ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ նոյեմբերի 11-ին ունցած հանդիպմանը քննարկել է Արցախի հայկական պատմամշակութային կոթողների՝ Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման և ինքնության խեղաթյուրման հարցը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Հանդիպմանն անդրադարձել են Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդրին։ Միրզոյանն ընդգծել է, որ նման պայմաններում միջազգային հանրության կողմից կանխարգելիչ քայլերի իրականացումը ուղղակի հրամայական է»,- նշում են ԱԳՆ-ից։
Արարատ Միրզոյանը նաև շնորհավորել է Օդրի Ազուլեին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը գոհունակություն են հայտնել տարիների ընթացքում Հայաստանի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ։
ԱԳ նախարարն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում տարածաշրջան անկախ գնահատման առաքելություն ուղարկելու Գլխավոր տնօրենի առաջարկի իրականացման կարևորությունը։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն ավելի վաղ Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին և ելույթ ունեցել։ Նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։
Նույն օրը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հյուրընկալությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։