ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից սահմանված անցակետերի արդյունքում ոչ մի հայկական գյուղ չի մեկուսացվի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ոչ մի հայկական գյուղ չի մեկուսացվի։ Այս պահին մենք ճանապարհները բարեկարգելու աշխատանքներ ենք կատարում։ Գրունտային ճանապարհը գրեթե պատրաստ է։ Նոյեմբերի 10-ին արդեն պատրաստ էր Կապան-Տաթև ճանապարհը։ Ինտենսիվ աշխատում ենք այլ ճանապարհների վրա»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում Ադրբեջանը դեռ ամիսներ առաջ մաքսակետ էր տեղադրել ու դրանով երթևեկող Իրանի քաղաքացիներից մաքսատուրք էր գանձում։
Երեկ` նոյեմբերի 10–ին, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։
Որոտանի դպրոցի տնօրենն այսօր հայտարարել է, որ դպրոցականներն ու ուսուցիչները չեն կարողանում դպրոց հասնել Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների անցակետի պատճառով: Նա գրություն է ուղարկել ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով գյուղին համապատասխան ավտոմեքենաներ տրամադրել։