ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիյա Դենիսովայի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։
Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիյա Դենիսովայի հետ
Կարապետյանն ու Դենիսովան քննարկել են վերջինիս Հայաստան կատարած այցի արդյունքները, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունները։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ՄԻՊ-ը Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 19-ին և հանդիպել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։ Դենիսովան այցի ընթացքում եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, որտեղ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ։
Ուկրաինայի ՄԻՊ-ն իր ղեկավարած պատվիրակության հետ եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Նշենք, որ Դենիսովան Հայաստանում էր խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ փորձի փոխանակման նպատակով։