ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. 2021 թ. սեպտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ռուսաստանցի երաժիշտ Բաստայի համերգի ժամանակ միջոցառման կազմակերպիչ «Սոլարտ» ՍՊԸ կողմից չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը, մասնավորապես՝ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։ Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
Ըստ այդմ՝ խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնների 21-րդ հավելվածի 10-րդ և 25-րդ կետերի պահանջները։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փաստի կապակցությամբ հարուցել է վարչական վարույթ և, ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով, որոշվել է «Սոլարտ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար ենթարկել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով վարչական տույժի։