ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևանի Քանաքեռ թաղամասում այսօր կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ:
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են 2 տղամարդու դի: Պարզվել է նաև, որ նշված վայրից ևս 2 քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ տեղեկությունների` նրանք ճանապարհին մահացել են:
Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր: Նախնական տեղեկություններով` տանը հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող Արթուր Ղազարյանն է («Քանաքեռցի Տույն»):
Փաստի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, մահացածների ինքնությունը պարզելու ուղղությամբ: