«Քանաքեռցի Տույի» և ևս 3 մարդու սպանության գործով կան ձերբակալվածներ

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, ժամը 02։50-ի սահմաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 16-րդ փողոցի տներից մեկի բակում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած կրակոցների հետևանքով 4 անձի սպանության գործով կան ձերբակալվածներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, և 4 անձ ձերբակալվել է։
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 16-րդ փողոցի տներից մեկի բակը, որտեղ տեղի են ունեցել սպանությունները
Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 տղամարդու (43 և 47 տարեկան) դի, (ևս երկուսը մահացել են հիվանդանոցում՝ գիտակցության չգալով, – խմբ․), 28 հատ տարբեր տրամաչափի պարկուճ, 12 գնդակ, 4 ատրճանակ և 2 ինքնաձիգ։
Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։
Հայտնի է` ովքեր են մահացել Քանաքեռի կրակոցներից. նրանցից մեկը նախկին պատգամավոր է
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, ժամը 02։50-ի սահմաններում։
Նախնական տեղեկություններով` տանը հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող Արթուր Ղազարյանն է («Քանաքեռցի Տույ»):
Փաստի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (սպանություն), ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասով(Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։