ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Առուշ Առուշանյանի, Մենուա Հովսեփյանի ապօրինի կալանավորումները և «Առուշ Առուշանյան» դաշինքի համակիրների դեմ հարուցված տասնյակ քրեական գործերը ոչ այլ ինչ են, քան ոտնձգություն մեր ազգային_ պետական շահի, մեր ինքնության պահպանության դեմ։
Այս մասին հաղորդագրության է տարածել «Առուշ Առուշանյան» դաշինքը։
«Բազմիցս նշել ենք և այժմ էլ շարունակում ենք պնդել, որ այդ բոլոր քրեական գործերը շինծու են, մտացածին և որևէ աղերս չունեն կալանքի տակ գտնվող Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանի, այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ կրկին կալանավորված փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի և տարբեր քրեական գործերով անցնող մեր համակիրների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ այսկերպ փորձ է արվում ամեն գնով լռեցնել բոլոր նրանց, ովքեր համարձակվում են ճշմարտությունը բարձրաձայնել, ովքեր պայքարում են հանուն իրենց հայրենիքի և սերունդների անվտանգ ապագայի։
«Մեր ընտրողներին և համախոհներին հորդորում ենք զինվել համբերությամբ, պատրաստվել ավելի լուրջ, անհրաժեշտության դեպքում նաև երկարատև պայքարի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում արդարությունն ու արդարադատությունը չեն վերականգնվել»,-մասնավորապես նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացրել, իսկ Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից։