ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդիր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Երուսաղեմի հայոց թեմի առաջնորդ, պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Հայկական թաղամասի հողը հյուրանոցի կառուցման համար վարձակալությամբ հանձնելու մասին որոշում է կայացրել։ Այդ ամենն էլ մտահոգություն է առաջացրել ու տարաբնույթ խոսակցությունների առիթ է դարձել։
«Հարցի շուրջ առաջացած դիրքորոշումների հետևանքով խաթարվել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանության ներքին համերաշխությունն ու միասնականությունը։ Խիստ անհանգստացնող է համարվել նաև այն, որ տարբեր մեկնաբանությունների պատճառով հարված է հասցվում Աթոռի վարկին ու հեղինակությանը»,- նշում են Մայր Աթոռից։
Գարեգին Երկրորդ կաթողիկոսն էլ օրեր առաջ նամակ է ուղղել Երուսաղեմի Հայոց պատրիարքին՝ հորդորելով պատշաճ կերպով փարատել մտահոգությունները և միաբանության մեջ վերականգնել համերաշխությունը։ ԳՀԽ հույս է հայտնել, որ պատրիարքի և Սրբոց Հակոբյանց միաբանների կողմից հնարավոր բոլոր ջանքերը կգործադրվեն կարգավորելու խնդիրը միաբանության կանոնադրության պահանջների համաձայն։