ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը շնորհավորել է պարոն Դի Ռիզոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Իտալիայի միջև քաղաքական և տնտեսական փոխգործակցության շարունակական առաջընթացի ապահովումը և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների: Վարչապետն առանձնակի կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը, այդ թվում՝ գործարար ֆորումների անցկացմամբ ու բիզնես կապերի խթանմամբ:
«Նիկոլ Փաշինյանը ջերմությամբ է հիշել 2019 թվականին Իտալիա կատարած պաշտոնական այցը և կարևորել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը»,– ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաորդագրության մեջ:
Իտալիայի նորանշանակ դեսպան Ռիզոն վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը՝ նպաստելու երկու պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը: Դեսպանն ընդգծել է, որ իտալական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային նոր ծրագրերի քննարկմամբ ու իրականացմամբ:
Զրուցակիցները հեռանկարային են համարել տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը։