ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովը «Երեխաները խաղաղություն են նկարում» ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է, որ հանրության և պետության խնդիրը Դոնբասի երեխաներին փրկելն է։
Միջոցառումն ուղղված է մարտական գործողությունների գոտում երեխաների անվտանգության ապահովման խնդրի վրա ուշադրություն հրավիրելուն։ Փոքրիկ նկարիչների աշխատանքներում կարելի է տեսնել խաղաղության աղավնիներ, հայկական և ռուսական դրոշներ, ծաղիկներ և ծիածան։
Ցուցահանդես` «Երեխաները խաղաղություն են նկարում»
© Sputnik / Евгений Одиноков
Պրիմակովի խոսքով` ներկայիս Ուկրաինան իր գործողություններով վնասում է երեխաներին։
«Այդ երեխաներն ուրիշինը չեն, դրանք մեր երեխաներն են։ Համատեղ ջանքեր պետք է գործադրվեն նրանց պաշտպանելու համար։ Մեր պետության, հասարակության և ՀԿ–ների խնդիրը նախևառաջ պատերազմը կանգնեցնելն է, ապա երեխաներին փրկելը։ Ցանկալի է` բոլորին», – ասել է նա։
Միևնույն ժամանակ Պրիմակովը նշում է, որ ցուցահանդեսի գլխավոր տարրը նկարչի պատմությունն է, որը հաճախ ավելի կարևոր է, քան բուն ստեղծագործությունը։
«Մի բան է, երբ նկարում է կուշտ մոսկվացի դպրոցականը, մեկ այլ բան` երբ դա անում է երեխան Գորլովկայից», – օրինակ է բերել Պրիմակովը։
Ի պատասխան Պետդումայի փոխնախագահ Աննա Կուզնեցովան հայտարարել է, որ մոսկվացի դպրոցականներն էլ հուզիչ նամակներ են գրում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող իրենց հայրենակիցներին` հայտնելով նրանց իրենց աջակցությունը։
Ցուցահանդես` «Երեխաները խաղաղություն են նկարում»
© Sputnik / Евгений Одиноков
Նա պատմել է Մոսկվայից մի տղայի մասին, որը փորձում էր միջոց գտնել Սիրիայում տուժածներին օգնելու համար։
Կուզնեցովան հիշել է նաև բոլորի կողմից սիրված բժիշկ Լիզային (Սոչիում Տու-154 ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած Ելիզավետա Գլինկա)։ Մահից հետո դժվար էր վերականգնել նրա գործունեությունը, բայց այսօր բարեգործական հիմնադրամները (այդ թվում` նրա անվան) շարունակում են նրա գործը («Դոկտոր Լիզա» հիմնադրամը ժամանակ առ ժամանակ օգնություն է հավաքում նաև Լեռնային Ղարաբաղի համար)։
Ցուցահանդեսին ներկա է եղել նաև Մոսկվայում ԼՂ մշտական ներկայացուցչության աշխատակից Արսեն Մելիք–Շահնազարովը։
«Այս ամենը մեզ շատ ծանոթ է, սա պարզապես դեժավյու է։ Մեզ մոտ այս իրավիճակը դեռ 90-ականներին է ստեղծվել։ Ճիշտ նույնկերպ այն ժամանակ էին սպանում խաղաղ բնակիչներին, ռմբակոծում քաղաքներ, գյուղեր, հարվածում հիվանդանոցներին։ Նույնը կատարվեց նաև անցած տարի», – նկատել է դիվանագետը։
Մելիք–Շահնազարովը հիշեցրել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայ զինվորները հակազդում էին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռամիությանը։ Զոհվեց ավելի քան 100 խաղաղ բնակիչ, առաջինը 9-ամյա աղջիկ էր, որին խոցեց ԱԹՍ–ից ուղարկված ռումբը։ Դիվանագետը նշել է, որ ցուցահանդեսը կցուցադրվի նաև Արցախում, որտեղ Դոնբասի երեխաների աշխատանքների կողքին կներկայացվեն նաև ղարաբաղցի երեխաների նկարները։