ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքի ակցիա իրականացնողներից 16 մարդու բերման են ենթարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից։
Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր կառավարության նիստի ընթացքում մի քանի ընդդիմադիր պատգամավորներ և Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքող մարդիկ ակցիա են իրականացնում։ Նրանք իշխանություններին մեղադրում են ազգային շահերին դավաճանելու համար: Ցույցին մասնակցում են «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը և Թադևոս Ավետիսյանը:
Ակցիայի ընթացքում ցուցարարները փորձեցին մոտենալ կառավարության շենքին և փակել Հանրապետության հրապարակի ճանապարհները, սակայն ոստիկանները ուժով արգելեցին նրանց դա անել։ Հրմշտոց սկսվեց ցուցարարների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև։
Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Նշենք, որ նախօրեին հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ կեսգիշերին ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմը «պատասխան քայլեր կձեռնարկի և նույնպես մաքսային կետեր կտեղակայի»:
Հավելենք, որ այս պահին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիան շարունակվում է։