ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է կորոնավիրուսի թեստի բացասական տվյալներով կեղծ պատասխաններ տրամադրելու դեպքեր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից։
Նշվում է, որ սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 15-ին «Ֆենիքս մեդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները «Covid-19» համավարակի հայտնաբերման հետազոտության նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմից իրականացրել են ընդհանուր թվով 62 նմուշառում։
Այնուհետև, համապատասխանաբար հոկտեմբերի 4-ին և հոկտեմբերի 18-ին վերջիններիս տրամադրել են «Բիոմեդ» ՍՊԸ ձևաթղթեր՝ առանց ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտության տալով բացասական տվյալներով կեղծ պատասխաններ:
Դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: