ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Զինված ուժերում հաստիքների համալրման խնդիրը հրատապ լուծում է պահանջում։ Բանակում կարգապահության և զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իր արտահերթ զեկույցում նշում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
«Շարունակում է չլուծված մնալ զորամասերում իրավաբանների և հոգեբանների թափուր հաստիքների համալրման խնդիրը: Անքննելի է, որ կարգապահության ապահովման հարցում զորամասերի իրավաբաններին վերապահված է բացառիկ դեր, իսկ ամենօրյա ռեժիմով զինծառայողների հոգեբանական վիճակին խիստ մասնագիտական մոտեցում և հատուկ ուշադրություն դարձնելու տեսանկյունից անփոխարինելի է հոգեբանների աշխատանքը»,–ասված է ՄԻ պաշտպանի զեկույցում:
Նրա խոսքով` որպեսզի զինված ուժերում կարգապահությունը լինի կայուն և երաշխավորված, զինվորականների կողմից լիազորությունների (ներառյալ՝ պարտականությունների) գրագետ կատարումը պետք է ուղեկցվի ծառայության նկատմամբ պատասխանատու մոտեցմամբ, իսկ այստեղ պետք է բացառվի ծառայակցի (ներառյալ՝ ենթակայի) նկատմամբ ոչ արժանապատիվ վերաբերմունքը:
Թաթոյանը վստահեցնում է` նման մոտեցմամբ հնարավոր է ապահովել թե՛ զինվորական կարգապահությունը, թե՛ իրավունքի գերակայության վրա հիմնված մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը։