ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈւ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈւ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը` անդրադառնալով շրջանառվող լուրերին։
Նշենք, որ ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքներ գրում էին, թե իբր Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև։ Սա ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե իբր Սյունիքի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։ Այս ապատեղեկատվությանը միացել է նաև Ադրբեջանի ՊՆ–ն` հայտարարելով, թե 60 հայ զինվոր հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ են ազատ արձակվել։ Սա բացահայտ ապատեղեկատվություն է»,–նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է նաև, որ ադրբեջանական կողմի` ռուսական կողմին դիմելուց հետո հենց վերջիններիս ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։