ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրերը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, բացարձակ սուտ է։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՊՆ–ից հայտնեցին նաև, որ, բնականաբար, սուտ են այն լուրերը, որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ։ Իրադրությունը կայուն է և ամբողջությամբ գտնվում է հայկական ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։