ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի -Sputnik. Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում կանցկացնեն։ Հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Բացի այդ, կողմերը կքննարկեն Իրանի հետ միջուկային ծրագրի գործողությունների համատեղ դրույթների կատարման շուրջ բանակցությունների վերսկսման թեման: Այլ թեմաների թվում են Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում տարածաշրջանային անվտանգության հարցերը:
«Լիբիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին կընդունեն իրենց ռուս գործընկերներին` նախարարներ Սերգեյ Լավրովին և Սերգեյ Շոյգուին, նոյեմբերի 12 - ին Փարիզում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարները կքննարկեն Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական ու ռազմական ասպեկտները: