ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առաջիկայում կկարողանան աշխատել միայն սպիտակ գույն ունեցող, մինչև 7 տարվա արտադրության ու իրենց գործարանային վառելիքային համակարգով աշխատող, հատուկ լիցենզիա ունեցող տաքսիները։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Նման լիցենզիան կարժենա տարեկան 200 000 դրամ, ընդ որում` այդ նույն գինը կվճարեն թե՛ մեկ ավտոմեքենա շահագործող անհատ տաքսիստները, թե՛ մեկից ավելի ավտոմեքենաներ ունեցող ընկերությունները։
Արմեն Սիմոնյանը վստահեցրեց, որ այս պահանջի պատճառով օդանավակայանում մենաշնորհ չի առաջանա։
«Նախ լիցենզիաները սահմանափակ քանակով չեն, որ ինչ-որ մի կազմակերպություն գա, ստանա սահմանված քանակի լիցենզիա ու որևէ մեկն այլևս չկարողանա»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է լիցենզիայի համար սահմանված տուրքին, փոխնախարարի համոզմամբ, տարեկան 200 000 դրամը մեծ գումար չէ օդանավակայանի պատվերների քանակի համեմատ։
Այդուհանդերձ, կառավարության ներկայացուցիչը չհերքեց, օրինագծի նպատակներից մեկն էլ ոլորտի խոշորացումն է։
«Այս ձևաչափը շահագրգռում է, որպեսզի ընկերություններն ավելի շատ ավտոմեքենաներ ունենան, այսինքն` խոշորացում տեղի ունենա։ Ավելի նպատակահարմար է, օրինակ, 10 մեքենայով մասնակցել ` որպես կազմակերպություն, քան անհատ կերպով։ Բայց նաև անհատները կարող ն միավորվել ու մեկ լիցենզիա ստանալ տարբեր տրանսպորտային միջոցների համար»,– ասաց Արմեն Սիմոնյանը։
Օրինագիծը նախատեսում է նաև, որ լիցենզիա ստացող տաքսիները պետք է ունենան «Աերոտաքսի» գրառում, շախմատաձև տարբերանշան:
Իսկ առանց լիցենզիա օդանավակայանի տարածքից ուղևորներ տեղափոխող տաքսիստները կտուգանվեն 50 000 դրամով։