Խաչիկի և Շուշիի կրակոցների դեպքերի մանրամասները ռուսական կողմին են փոխանցվել

Դատախազությունը մանրամասներ է հայտնել Խաչիկ գյուղում հակառակորդի կրակոցների դեպքից` նշելով, որ տրակտորում գտնվող Թ. Ասատրյանին հաջողվել է թաքնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից կրակոցների դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ռուսական կողմին՝ պատշաճ և օբյեկտիվ համատեղ քննության նախաձեռնմամբ կատարվածին գնահատականներ տալու նպատակով: Այս մասին հայտնում է դատախազությունը` մանրամասներ հայտնելով Խաչիկում տեղի ունեցած միջադեպից։
Ադրբեջանցի զինվորն անցել է Արցախի տարածք. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնել Շուշիի միջադեպից
Նշենք, որ երեկ` նոյեմբերի 9-ին, ժամը 14:30-ի սահմաններում ադրբեջանական կրակոցները Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել էին թիրախային, փշրել էին հողային աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչի տրակտորի հետևի ու կողային ապակիները: Կրակոցների պահին համայնքի բնակիչը գտնվել է տրակտորի մեջ։
«Ադրբեջանի զինծառայողները կրակել են Խաչիկ գյուղի վարչական տարածքում «Դուզ» կոչվող հանդամասում վարուցանք կատարող՝ նույն գյուղի բնակիչ Թ. Ասատրյանի «ԴՏ-75» տրակտորի ուղղությամբ: Կրակոցի հետևանքով կոտրվել է տրակտորի ձախակողմյան ապակին: Հակառակորդին, սակայն, չի հաջողվել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ տրակտորում գտնվող Թ. Ասատրյանին հաջողվել է թաքնվել. նա մարմնական վնասվածքներ չի ստացել»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանցիներն առաջ գալու փորձ են արել, մեր տղաները կասեցրել են. Գորիսի փոխհամայնքապետ
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ:
Դատախազությունը հայտնում է, որ ռուսական կողմին է տրամադրվել նաև օրերս Արցախի Շուշի-Բերձոր ճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի կողմից ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող արցախցի 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի վերաբերյալ նյութերը:
Խաչիկ գյուղում ադրբեջանցիների կողմից կրակելու դեպքը ՄԻՊ–ը կուղարկի միջազգային կառույցներին
Հիշեցնենք` նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք. մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել։