ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից կրակոցների դեպքը, որի հետևանքով վնասվել էր գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորը, կներառվի իր զեկույցներում ու կուղարկվի միջազգային կառույցներին։ Թաթոյանը հրապարակմանը կից ներկայացրել է նաև վնասված տրակտորի լուսանկարները։
Նշենք, որ երեկ` նոյեմբերի 9-ին, ժամը 14:30-ի սահմաններում ադրբեջանական կրակոցները Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել էին թիրախային, փշրել էին հողային աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչի տրակտորի հետևի ու կողային ապակիները:
Կրակոցների պահին համայնքի բնակիչը գտնվել է տրակտորի մեջ և վարել է հողը։
«Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողներն էլ գիտակցել են, որ խաղաղ բնակիչը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված այս ահազանգերը փաստահավաք աշխատանքներով ստուգվել և հաստատվել են»,–նշել է Թաթոյանը:
Պաշտպանի խոսքով`Հայաստանի բնակիչների իրավունքներն անընդհատ խախտող ադրբեջանական արարքների գլխավոր պատճառներից են անպատժելիությունը, ինչպես նաև պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը:
Հիշեցնենք` նոյեմբերի 8-ին էլ, ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք. մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել։