ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ հանդիպմանը քննարկել է հրշեջ մեքենաներ և փրկարարական տեխնիկա ձեռք բերելու հարցը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից։
Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին՝ համագործակցության նոր ուղղություններ քննարկելու նպատակով:
«ԱԻ նախարարը նշել է, որ տարեսկզբին կայացած առաջին հանդիպման արդյունքները համագործակցության առումով դրական են և փոխգործակցության նոր ձևաչափերի համար՝ լավ մեկնարկ: Նախարարը նշել է, որ այս փուլում խոսքը բելառուսական արտադրության հրշեջ մեքենա, փրկարարական տեխնիկա ձեռք բերելու մասին է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կոնյուկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն օպերատիվությամբ կազմակերպել անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը՝ պահանջվող տեխնիկայի ձեռքբերումը հնարավորին սեղմ ժամկետներում ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Բելառուսի հանրապետությունների արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև համագործակցությունն իրականացվում է 2011թ-ից սկսած՝ Մինսկում կնքված «Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում։ Փոխգործակցություն կա նաև համաձայնագրի շրջանակում ստեղծված Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում հայ-բելառուսական միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների իրականացման շուրջ:
Անցած տարիներին իրականացվել են բազմաթիվ պաշտոնական փոխայցեր, տեխնիկական համագործակցություն, փոխանակման և կրթական ծրագրեր, մասնավորապես՝ միջուկային և ճառագայթային անվտանգության, աղետների դիմակայության թեմաներով: