Բնական կաթնամթերքն ու փոխարինիչները ՀՀ–ում նույն գնով են վաճառվում

Կառավարությունն առաջարկում է փոխել «խաղի կանոններն» ու արդար մրցակցություն սահմանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Կաթնային ճարպի (յուղի) փոխարինիչով արտադրված կաթնամթերքն առևտրի կետերում կդրվի բնական յուղով արտադրված կաթնամթերքից առանձին, արտադրողն էլ պարտավոր կլինի տեսանելի տեղում ու ընթեռնելի գրել, որ կաթնամթերքում յուղի փոխարինիչ է կիրառել։
Յուղի փոխարինիչով կաթնամթերք արտադրողները ստիպված կլինեն սպառողին հայտնել ճշմարտությունը
Կաթնամթերքի շուկայում այս պահանջները ՀՀ կառավարությունն առաջարկում է ամրագրել օրենքով։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Կան ընկերություններ, որոնք արտադրում են մաքուր կաթից արտադրանք, սակայն այս պահին այդ ընկերությունները որևէ կերպ չեն տարբերվում այն ընկերություններից, որոնք օգտագործում են փոխարինիչներ։ Այսինքն` մեկի ինքնարժեքն ստացվում է բավական բարձր, մյուսինը` բավական ցածր, բայց երկուսն էլ վաճառում են համարյա նույն գնով կամ չնչին տարբերությամբ»,– ասաց փոխնախարարը։

Նույն նախագծով փոփոխություն է առաջարկվում նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։
Դրանց համաձայն` անբարեխիղճ արտադրողն առաջին խախտման համար կստանա նախազգուշացում, իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում` յուրաքանչյուր անգամ 30 000 դրամ տուգանք։
Կաթնամթերք արտադրողները ստիպված կլինեն գնորդին ճշմարտությունն ասել
Այդուհանդերձ, կաթնամթերքի շուկայի մասնակիցներին պարտադրվող բարեխիղճ մրցակցությունը Հայաստանում դեռ շուտ չի իրականանա։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամներն օրենքում լրամշակումներ կատարելու անհրաժեշտություն տեսան ու առաջարկեցին նախագիծն այդ նպատակով հետաձգել 2 ամսով։
Հիշեցնենք` կաթնամթերքի արտադրության մեջ փոխարինիչների կիրառման ու սպառողներին մոլորեցնելու տարածված մեխանիզմի մասին ՀՀ վարչապետը խոսել էր դեռ 2021թ–ի հունվարի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստում` հանձնարարելով համապատասխան քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման նպատակով։
ՀՀ կառավարությունն առաջարկվող նախագծերի փաթեթն ընդունել էր սեպտեմբերի 16-ի նիստում։