Առաջնագիծն ամրացվել է, իսկ զենք գնելու հնարավորությունը կընդլայնվի. Արցախի նախագահ

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմին, հրամանատարությանը և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում զգալի աշխատանք է տարվել առաջնագծի ամրացման ու ՊԲ գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ: Նման տեղեկություն է հայտնում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։
Նրա խոսքով` երբեմն լինում են իրավիճակներ, երբ ադրբեջանական կողմը խախտում է ինչպես բարձր մակարդակով մեկ տարի առաջ ստորագրված հայտարարության դրույթները, այնպես էլ՝ առօրյա աշխատանքներին վերաբերող պայմանավորվածությունները։
Արցախյան պատերազմից հետո Հայաստանը դուրս է եկել քաղաքական ճգնաժամից. ԵԽԽՎ զեկույցը
«Ադրբեջանի բացահայտ ահաբեկչության թիրախում Արցախի քաղաքացիներն էին, ինչպես նաև՝ ՌԴ խաղաղապահները։ Իսկ նրանց նպատակը խուճապային տրամադրություններ սերմանել է Արցախում ապրողներիս շրջանում, և, իհարկե, փորձել հեղինակազրկել ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը»,–ասում է Հարությունյանը։
Նա հավելում է, որ այս ընթացքում ԱՀ պաշտպանության բանակի և խաղաղապահների միջոցով ապահովվող հրադադարի ռեժիմն ամրապնդելու համար քայլեր են իրականացվում։ Մասնավորապես, զենքի մասին օրենքում կատարվող փոփոխությունները կընդլայնեն զենքի ձեռքբերման հնարավորությունները։
Բացի այդ, նշում է, որ այսուհետ իրավապահ մարմինների կազմում գործող համապատասխան ստորաբաժանումներն էլ ավելի մեծ մասնակցություն կունենան շփման գծին մոտ տարածքներում կատարվող աշխատանքների, բնակավայրերի ու ճանապարհների անվտանգության ապահովման գործում։
Արցախում բացվել է Փառքի ծառուղի, որտեղ տեղադրվել է խաղաղապահի հուշարձանը
Հարությունյանը խնդրում է բոլոր քաղաքացիներին ու կազմակերպություններին՝ նշված տարածքներում աշխատանքներ իրականացնելու դեպքում, դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն։ Նա հայտնում է, որ ՌԴ խաղաղապահների հետ նույնպես վարում են ամենօրյա համագործակցություն բազմաբնույթ անվտանգային ռիսկերի կանխարգելման ուղղությամբ:
Արցախի նախագահն իր խոսքն ամփոփել է` ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմին, հրամանատարությանը և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: