ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի հրահրած սադրանքների՝ թիրախային կրակոցներից ունեցած զոհերի և վիրավորների փաստերը ստիպում են պաշտպանական նոր մեթոդներ կիրառել: Նման հայտարարություն է արել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, անվտանգության խորհրդի քարտուղարի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ անվտանգային հարցերով խորհրդակցության ժամանակ։
«Հարությունյանն ընդգծել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ փոխգործակցության սկզբունքով քայլերն են նախատեսվում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նրա խոսքով` 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի դադարից հետո կատարվել են լայնածավալ աշխատանքներ բնակչության անվտանգության ապահովման համար։
Իրավիճակի վերաբերյալ առաջարկություններ են հնչեցրել քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Արցախի ԱԱԾ–ն հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մոտ՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում ջրագծի վրա աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով 3 մարդ վիրավորվել է, իսկ 1 մարդ՝ զոհվել: