ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Պետական վերահսկողության ծառայության, ոստիկանության և քննչական կոմիտեի համագործակցության արդյունքում պետությանը շուրջ 33,7 մլն դրամի հասցված վնասը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են ՊՎԾ-ից։
Կառույցի ղեկավար Տիգրան Ուլիխանյանի հանձնարարականով իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատական դեպարտամենտում կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ գործուղման ծախսերի հատուցման համար դատական դեպարտամենտի 9 աշխատակից ստացել էր գիշերակացի գումար։ Պարզվել էր, որ այդ աշխատակիցները գործուղվել էին 2016-2018 թթ․ դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով (այդ ժամանակ դեպարտամենտի ղեկավարը Կարեն Փոլադյանն էր, – խմբ․)։
ՊՎԾ ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով փաստաթղթերը տրամադրվել էին ՔԿ-ին և ոստիկանությանը։
Քննչական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ դատական դեպարտամենտի 9 աշխատակից համապատասխան օրերին գործուղման վայրերում չեն գտնվել։ Արդյունքում պետությանը պատճառվել է 33 689 200 ՀՀ դրամի չափով վնաս, որը նախաքննության ընթացքում վերականգնվել է։
2021 թվականի հուլիսի 13-ից Կարեն Փոլադյանն այլևս չի զբաղեցնում դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։
Նշենք, որ քրեական գործ հարուցվել էր քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը), 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։