«Փող տուր՝ կամուսնանամ հետդ». սոցկայքերում ծանոթացել է, խոստացել ու թալանել

Հաշվի առնելով հանցագործության այս տեսակի տարածումը՝ Քննչական մարմինը այս և այլ օգտատերերի նմանօրինակ գործողություններից տուժած քաղաքացիներին հորդորում է դիմել իրավապահ մարմիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 32-ամյա երևանցի տղամարդու համացանցային խարդախությունները։, հայտնում են ՔԿ-ի լրատվական ծառայությունից։
Խարդախության համար ձերբակալվել է «Ինչ, որտեղ, երբ»-ի նախկին հովանավոր Աշոտ Խաչիյանը
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 2020-2021թթ. ընթացքում նա Odnoklassniki.ru սոցիալական ցանցում` «GAG Yan», «GAGO YAN» և «Gagik Avetisyan» անուններով, Facebook.com սոցիալական ցանցում` «Gagik Asatryan» անվամբ, Instagram.com կայքում «g.22.g22.g.22.g» անվամբ գրանցված օգտահաշիվների միջոցով ծանոթացել է մի շարք կանանց հետ, ներկայացել որպես ֆինանսապես ապահովված անձ, ամուսնանալու կեղծ խոստումներ տվել ու ձեռք բերել նրանց վստահությունը:
Ապա տիրացել է կին օգտատերերի «Իդրամ» դրամապանակների տվյալներին, նրանց տվյալներով ձևակերպել առցանց վարկային պայմանագրեր ու այդ կերպ հափշտակել ընդհանուր 3.050.000 դրամ գումարը:
Ֆինանսական խարդախությունները տեղափոխվել են համացանց, հիմնականում` Facebook. ԱԱԾ
Բացի այդ, չարաշահելով վերոնշյալ կանանցից մեկի վստահությունը, խարդախությամբ հափշտակել է նաև նրա ոսկյա զարդերը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանը Ռուսաստանին է հանձնել խարդախության մեջ կասկածվող տղամարդուն
Հաշվի առնելով հանցագործության այս տեսակի տարածումը՝ քննչական մարմինը այս և այլ օգտատերերի նմանօրինակ գործողություններից տուժած քաղաքացիներին հորդորում է դիմել իրավապահ մարմիններին, միաժամանակ նաև զերծ մնալ սեփական դրամապանակների տվյալներն այլ անձանց տրամադրելուց: